Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/394

Այս էջը սրբագրված է

խանգարվեր։ Գլխավոր հերոսի դերր կատարում էր Միսաքը և այնպիսի կատաղությամբ էր դեպի ինքը քաշում Լյուբայի թևը, որ վերջինս վերջ ի վերջո բարկացավ, լաց եղավ և հրաժարվեց մասնակցել ներկայացումին։ Սակայն նրան մի կերպ համոզեցին՝ պայմանով, որ Միսաքը մի փոքր զսպի իր կատաղի ոգևորությունը...

Թուրքական խմբի ռեժիսորն ու վարիչը Սեյիդ–Միրզա անունով մի ծայր աստիճանի խաղաղ երիտասարդ կալանավոր էր, որ միշտ խոսում էր շշուկով։ Մեղադրվում էր թուրքական հյուպատոսի հետ կապ ունենալու մեջ. սակայն մեղադրանքը չապացուցվեց, և նա շուտով ազատվեց։ Աշխատում էր խոզանականոցում, միևնույն ժամանակ դասատու էր դպրոցում։ Ներկայացումների ժամանակ միշտ տանում էր «եվրոպականացած» թուրք բուրժուաների դերեր։

Ծայր աստիճանի լավ էր կազմակերպված թուրքական խումբը և շատ ավելի հաճախ էր ներկայացումներ ունենում, քան հայկականը կամ ռուսականը։ Խմբի անդամների մեջ կար կատարյալ համերաշխություն և չպատահեց, որ կուլտ-կոմիսիան քններ խմբում առաջացած որևէ անհամաձայնություն, ինչպես այդ լինում էր հաճախ մյուս խմբերում ։ Այդ երեկո Ուղղիչ Տանը պատահեց և ա՛յլ մի դեպք, որ անջնջելի տպավորություն է թողել իմ հիշողության մեջ—գուցե մասամբ այն պատճառով, որ դա տեղի ունեցավ «Նիկալայի պադվալների» իմ վրա թողած ծանր տպավորությունից հետո։