Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/395

Այս էջը սրբագրված է

Երեկոյան ժամը մոտավորապես ութին ես գնացի Ուղղիչ Տան գրասենյակը, ուր հավաքված զրրույց էին անում կալանավոր ծառայողները։ Հանկարծ մռայլ ներս մտավ հերթապահ հսկիչը, որ քրեական կորպուսն էր գնացել ստուգումի, և կամացուկ, ինչպես մեռելների մասին են խոսում, ասաց․

— Բաղդասարը փախել է․․․ Տիրեց մեռելային լռություն։ Բոլորն իրար նայեցին։

— Ամեն տեղ նայեցի՞ր,— հարցրեց մեկը։

— Ամեն տեղ նայեցի—չկա։ Կուլտ-բաժինը, բեմի ներքևը, աստիճանների ներքևը—ոչ մի տեղ չկա։ Եկան և մյուս հսկիչները ու միասին գնացին որոնումը շարունակելու։

Բաղդասարը, եթե հիշում եք, այն կալանավորն էր, որ Համոյի, Օսի և Դարչոյի հետ միասին սպանել էր մի ծերուկի և կնոջը ու դատապարտվել 10 տարվա կալանքի։ Հախուռն բնավորություն ուներ և շատ էր նեղվում Ուղղիչ Տանը։ Հիշում եմ՝ մի օր առաջ, երբ հավաքված զրույց էինք անում հիվանդանոցի բակում,— արևոտ, պարզ օր էր, և մարդու միտքը բնազդաբար ճախրում էր Ուղղիչ Տնից դուրս,— ես հանկարծ պատահմամբ հարցրի Բաղդասարին․

— Որ քեզ հաջողվի այս պատերից անցնել՝ կարո՞ղ ես էնպես փախչել, որ չբռնեն․․․ — Պահ, — զարմացավ Բաղդասարը․— մի րոպե թող ինձ թող տան ոտս դարբասից դենը դնեմ—հազար մանեթ կտամ ինձ հասնողին․․․