Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/397

Այս էջը սրբագրված է

Եթե հսկիչները 20 րոպե ևս ուշանային-Բաղդասարը փախած կլիներ․․․

Բադդասարին տարան փակեցին վերի մեկուսարաններից մեկում, իսկ ես գնացի կորպուսը դիտելու, թե ի՛նչպես են անդրադառնում կալանավորներն այդ հետաքրքիր դեպքին։

— Անպատճառ մատնած կլեն ինտելիգենտները,— ասում էր մի կալանավոր, կարծեմ Միսաքը, երբ ես մտա ութերորդ կամերան, ուր ապրում էր նաև Բաղդասարը։ Այդ կամերան իսկական ռեցիդիվիստների կամերայի հռչակ էր վայելում, ուստի ինձ հետաքրքիր էր իմանալ ամենից առաջ հենց այդ կամերայի կարծիքը։

Երբ ես ներս մտա՝ անմիջապես լռեցին, և յուրաքանչյուրը քաշվեց իր տեղը։ Պիտի ասեմ, որ վաղուց արդեն, Ուղղիչ Տուն մտնելուս հենց առաջին օրից, ես նկատել էի այդ վերապահ, համարյա թշնամական վերաբերմունքը դեպի «ինտելիգենտի»։ Սակայն անվստահության ու թշնամանքի նման հատու արտահայտության ես առաջին անգամ էի հանդիպում։ Պարզ էր, որ ինձ էլ չէին վստահում, իբրև «ինտելիգենտի»։ Հետագայում, կնոջս մահվանից հետո, երբ ես դիտմամբ տեղափոխվեցի հենց այդ ութերորդ կամերան մեր հարաբերությունները, իհարկե, շատ ավելի լավացան, բայց անվստահության որոշ տոկոս մինչև վերջն էլ մնաց և չէր կարող չմնալ, ինչպես ես հասկացա նրանց բավականին մոտիկից ճանաչելուց հետո։

Ինչ գնով էլ ուզում էր լիներ՝ ես որոշեցի զրույց բաց անել Բաղդարարի փախուստի մասին,