Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/400

Այս էջը սրբագրված է

հասկանալու համար։ Կալանավորական մասսան առհասարակ հակադրում էր իրեն «ինտելիգենտներին», այսինքն նախկին ծառայողներին, կամ պարզապես նրանց, որոնք լիովին չէին ապրում Ուղղիչ Տան կենցաղով, կալանավորս կան ներքին, ուրույն կյանքով։ Վերաբերվում էին նրանց խորը վերապահաթյամբ և դժվարությամբ էին ընդունում իրենց շրջանը։ Եվ առիթ չէին փախցնում իրենց այդ վերաբերմունքն արտահայտելու։ Փաստը կար և նրան հարկավոր էր տալ «գաղափարախոսական ձևակերպում»։ Եվ այդ ձևակերպումր —մի քիլ, իհարկե, զավեշտական ձևով — հենց նույն այդ օրը իմ ներկայությամբ տվեց կալանավոր Միսաքը, ա՛յն Միսաքը, որ առանց այդ էլ սրախոսի հռչակ էր վայելում Ուղղիչ Տանը։ Պատահեց այսպես։ —

Այդ օրը ես գնացել էի թուրքական ներկայացման փորձին, որին, ինչպես գիտենք, մասնակցում էր և Միսաքը, որ լավ տիրապետում էր թուրքերենին։ Երբ փորձը վերջացավ՝ նրա հետ միասին մենք իջանք քրեական կորպուսի բակը։ Այդտեղ մեզ դեմ ելավ բարձրահասակ, ինտելիգենտի դեմքով,40– 40տարեկան մի կալանավոր, որ աշխատում էր բանվորական սեղանում, իբրև գլխավոր հաշվապահ։ Մինչ այդ էլ ես նկատել էի, որ նրան չեն սիրում կալանավորները, միշտ գանգատվում են նրանից, ատում են նրան, որովհետև նա խիստ վատ էր վարվում նրանց հետ, երբ նրանք գնում էին իրենց հաշիվներն ստանալու։ Ես գիտեի նաև, որ նա դատապարտված է երեք տարովч յուրացման համար։