Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/401

Այս էջը սրբագրված է

— Հաշիվներս ե՞րբ ես տալու,— մոտենալով հարցրեց նրան Միսաքը և վերից վար չափեց նրան իր հեգնական հայացքով։ Հաշվապահն իր հերթին շոր, բարկացկոտ՝ հրեց Միսաքին իր հայացքով և առանց պատասխանելու հեռացավ։ Միսաքը զարմացած–շվարած, բայց միշտ հեգնական ժպիտը դեմքին՝ երկա՜ր–երկա՜ր նայեց նրա ետևից, մինչև նա կմտներ քրեական կորպուսը,— և լուրջ, համոզված տոնով բացագանչեց․

–Ափսո՜ս էն իրեք տարուն, որ քեզ են տվե․․․ Քեզի պտի իրե′ք օր տային—հլա էդ էլ մենծ պատիվ էր քեզպեսների համար․․․ Ինչքան չեղնի ինտելիգենտ ես․․․

Ու շուռ գալով դեպի ինձ՝ ցույց տվեց իր երեք մատը, որ նա այդպես դրոշակի նման բռնած պահեց, մինչև մենք հասանք քրեական կորպուսի դարբասին։

Այո, անհերքելի փաստ էր, որ կալանավորական մասսան, որր ճնշող մեծամասնությամբ բաղկացած էր գյուղացիներից, լյումպեններից և արհեստավորներից, ծայր աստիճան չէր սիրում ինտելիգենտներին։ Իմ դիտողություններն այդ մասին՝ Ուղղիչ Տանը լինելուս ամբողջ ժամանակամիջոցին՝ բերեցին ինձ հետևյալ եզրակացությանը։— Բենժամենի հռչակավոր ֆորմուլը, թե «ըստեղ ինչքան ինտելիգենտ տեսնես՝ իմաց կաց վատնումի համար ա»– միանգամայն համապատասխանում էր իրականության։ Կալանավորներն այդ գիտեին և մի տեսակ «կալանավորական արիստոկրատիզմի» զզվանքով էին անդրադառնում այդ հանգամանքին։ Պետական դրամների յուրացումը, գաղտնի, հատակի տակից, մկան նման