Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/41

Այս էջը հաստատված է

որից նա միշտ վերադառնում էր ավագ երեքշաբթի օրը՝ նույն երկանիվ սայլի վրա յուղ, պանիր, ձու և մի քանի սպիտակահեր գառնուկներ բարձած, որոնցից բավականին պատկառելի մասը բժշկի տունն էր ուղարկվում, որպես նրա երախտապարտ ծառայի կողմից խոնարհաբար մատուցած զատկական «ռուշվաթ» (նվիրաբերություն)։ Այնպես որ բժիշկն իր այդ մարդասիրական քայլն անելու համար ամենայն բարոյական և իրավական իրավունք ունենալուց բացի՝ ի դեպս իր ամենավերջին պաշտոնյային ըստ արժանյաց վարձատրելով հանդերձ՝ ազատեց իր վտիտ ուսերը քաղաքային բժշկի չափազանց ծանր ու պատասխանատու պարտականությունների մի փոքրիկ մասից՝ ուսերի ազատ մնացած մասը տրամադրելով ընտանեկան վերոհիշյալ դժբախտության ահռելի ծանրությանը, որը կրել կարողանալու համար ճիշտ որ հարկավոր էին այդպիսի քիչ թե շատ թեթևացնող միջոցներ։ Եվ այդ միջոցները գտնելու գործում, ասում են, մեծ բարոյական օգնություն է ցույց տվել բժիշկ Սերգե Կասպարիչին նրա վաղեմի բարեկամ և թղթախաղային պարտնյոր՝ քաղաքի հաշտարար դատավոր պ․ Օսեփ Նարիմանովը, նա, որ մոտիկ բարեկամն է մի անգամ արդեն պատմությանս սկզբում հիշված, քաղաքի ամենահարգելի հարուստ Գեներալ Ալոշի, որի ասելով Օսեփ Նարիմանովը «հոգի է, իսկական հոգի»...

Նրա ատյանը գտնվում է քաղաքի ամենամեծ Ալեքսանդրյան փողոցի վրա։ Մի թիթեղե ցուցանակ ունի, որի վրա գրված է ռուսերեն՝ «Հաշտարար դատավոր»: Օսեփ Նարիմանովը նստում է