Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/412

Այս էջը սրբագրված է

կուլտկոմիսիան համաձայնվեց— և կալանավորները հանաքով ասում էին, թե մեզ մոտ հաստատվում է լենինականցիների դիկտատուրա…

Առավոտվա այդ պահերին գրասենյակում տիրում է գործնական եռուզեռը.— կալանավորներ են ուղարկում դատարան, նորերն են ընդունվում, որին ազատում են, ո՛րն արձակուրդ է գնում. մի

խոսքով՝ գործ շատ կա — միայն թե աշխատիր: Իսկ երբ ժամը 9֊ին գալիս է պետը՝ աշխատանքը գրասենյակում հասնում է իր գագաթնակետին:

Պետը, Ուղղիչ Տուն մտնելով, նախ՝ մոտենում է նոր կառուցվող արհեստանոցներին։ Յուրաքանչյուր օր պատերը բարձրանում են, հենց այդտեղ, բակում, շինում են դռներն ու պատուհանները, նոր եկած սայլերի վրայից կալանավորներր թափում են քարերը, մյուսները հղկում են ու տաշում այդ քարերը։ Համոն արդեն շարում ու շարում է պատը, իսկ Բենժամենը, որ այդ աշխատանքների ընդհանուր հսկիչն է՝ դեսուդեն վազելով հրամաններ է արձակում։
Երբ պետը մոտենում է Համոյին՝ սա մի րոպե թողնում է աշխատանքը, քիթը թևով սրբում ու ժպտալով հարցնում.
— Ընկե՛ր պետ, էսա վերջացրինք. մաղարիչը ե՞րբ ես տալու…
Պետը միշտ միևնույն պատասխանն է տալիս.
— Երբ որ վերջացրինք՝ լուսնկարիչ եմ կանչելու՝ բոլորս միասին նկարվենք…
Երևում է, որ այդ գաղափարը չափազանց դուր է եկել նրան. դեմքը լայնանում է ժպիտից, ու աչքերը փայլ են ստանում։