Այս էջը սրբագրված է
Հետո պետը գնում է հին արհեստանոցները՝ հյուսնոցը, դարբնոցը, խոզանականոցը, ոսկերչանոցը։ Ամենուր եռում է աշխատանքը, ամենուր նա մտցնում է եռանդ ու ոգևորություն։ Արհեստանոցներից նա բակով մտնում է կորպուսը, ուր նրան դեմ է վազում Լազգին։
— Հընգե՛ր պետ, հիշկա լա՞վ ենք մաքրուկ… — Լավ չէ՛,— ասում է պետը՝ շեշտակի նայելով Լազգուն. երևում է, որ ծիծաղը գալիս է, բայց զսպում է իրեն։ — Դե ասա՝ Լազգին գլուխ տա քարին՝ մեռնի,— վիրավորված պատասխանում է Լազգին և ձև է անում, իբր թողնում է հեռանա, սակայն տեսնելով պետի աչքերում թաքնված ժպիտը հարձակողականի է դիմում. — Հըեչի՞ լավ չէ… — Պատերը մաքուր չեն. ա՛յ, տե՛ս։ Պետը ցույց է տալիս պատի վերի մասը, որը իրոք չափազանց փոշոտ է, տեղ—տեղ՝ կեղտոտ։ Լազգին մի վայրկյան շփոթվում է, չի իմանում՝ ինչ պատասխանի, բայց հանկարծ գտնում է և ուրախ բացագանչում. — Ընտեղ ձեռ չի խասնի…
Երևում է, որ ինքն էլ բավարար չի համարում իր փաստարկումը, բայց ցույց չի տալիս. ո՞վ գիտե՝ գուցե և անցնի։
— Չի խասնի՝ նարդվան դրեք,— ասում է պետը կեղծ—բարկացած։ — Էդ մեկ ճիշտ ասիր, — անձնատուր է լինում Լազգին, և պետը ազատություն է տալիս իր զսպած ծիծաղին։ Անցնում է կատակի. — Լազգի արի քեզ տանք Անուշին։