Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/417

Այս էջը սրբագրված է

— Այդպե՛ս են ասում, — պատասխանեց վարդապետը խրոխտ։

— Սո՞ւտ է։
— Զրպարտություն է. Հուսիկ վարդապետը սարքեց, որ թեմիս ինքը տիրանա։ Իբրև թե ծովում լողանալիս վանքի ծառայողի երեխային եմ անպատվել։ Բժշկական քննություն կատարվեր՝ չհաստատեցին։
— Ծառայողն ամուսնացա՞ծ էր։
— Ամուսնացած էր։
— Կնիկը վանքո՞ւմն էր ապրում։
— Վանքումն էր ապրում։
— Որտե՞ղ եք քնում հիմա։
Վարդապետը ցույց տվեց. քնում էր մի փոքրիկ կամերայում՝ չորս ուրիշ կալանավորների հետ։ Ասաց, որ կոյկա չունի։
— Երկուսին կհանեք, կթողնեք կամերայում վարդապետին ու երկու ուրիշ կալանավորի։ Կոյկա կտաք։ Թ՛ույլ չտաք, որ անհանգստացնեն,— կարգադրեց պետը հսկիչներին և ապա, դառնալով վարդապետին, ավելացրեց.
— Ոչինչ, մնացեք մի—երկու օր, գործը կպարզվի։ Եթե կարիք կունենաք՝ կասեք։ Կարող եք հսկիչի միջոցով, կարող եք գալ գրասենյակ։
Ինձ, ճիշտն ասած, մի քիչ զարմացրեց պետի այդ առանձին հոգատարությունն այդ վարդապետի հանդեպ։ Ես ծանոթ էի վերջինիս գործին. համարյա կասկած չկար, որ մեղադրանքը ճիշտ է։ Կային ինչպես վանականների, այնպես էլ ուրիշների վկայություններ։ Գիտեի նաև, որ պետը ավելի քան չի սիրում եկեղեցականներին. էլ ինչո՞ւ պիտի այդ գեղջուկ վարդապետը, որ