Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/418

Այս էջը սրբագրված է

մեղադրվում էր այլանդակ մի հանցանքում, պետքի առանձին հոգատարությանն արժանանար։ Ուստի երբ դուրս եկանք մեկուսարանից՝ ասի.

— Շատ հոգատար էիր այդ վարդապետի վերաբերմամբ…
— Անմեղ է,— ասաց նա համոզված, վճռական շեշտով,— զրպարտություն կլի:
— Իսկ վկայություննե՞րը, ես կարդացել եմ գործը…
— Սարքած բան է, վարդապետներն են սարքե,— ասաց նա՝ առարկություն չվերցնող տոնով, — գլո՛ւխս կկտրեմ՝ թե որ սարքած չլի:
— Բայց ինչո՞ւ ես կարծում, որ սարքած է,— համառեցի ես։
Պետը լուրջ նայեց ուղիղ աչքերիս, մի֊երկու վայրկյան լռեց և հանկարծ ժպտալով՝ ասաց.
— Տո՛ ծառայողի կնիկը թողած՝ մարդ երեխի ետևից կընկնի՞։ Անհնար բան է, չհավատամ։
Եվ նա չսխալվեց։ Երկու օր հետո, երբ տեղի ունեցավ դատը վարդապետն արդարացավ և ազատվեց…
Մեկուսարաններից հետո, պետն իր այդ առավոտյան շրջագայություններին մտնում էր խոհանոցը, նայում մթերքներին, մաքրությանը, եթե բաղանիքի օր էր լինում՝ մտնում էր բաղանիք և ապա անցնում գրասենյակ։
Արդեն ժամի տասն է կամ տասնմեկը։ Գրասենյակի առաջ խռնված՝ արդեն սպասում են նրան՝ քաղաք գնալու խնդրագրերը ձեռներին՝ անհամբեր կալանավորները։