Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/42

Այս էջը հաստատված է

այդտեղ։ Նրա ատյանին կից երեքհարկանի շենքը ռեալական դպրոցն է, նրանից երկու տուն այն կողմը — օրիորդաց գիմնազը, իսկ օրիորդաց գիմնազից երեք տուն այն կողմը — ա′յն պալատ–շինությունն է, որ պատկանում է մեզ արդեն բավականին ծանոթ Գեներալ Ալոշին: Քաղաքի ամենամեծ հարուստն է Գեներալ Ալոշը, որ թեկուզ և գեներալ չէ և ոչ էլ զինվորական, բայց քաղաքում ունեցած իր դիրքի և ազդեցության շնորհիվ ստացել է այդ պատվավոր հորջորջումը։ Իսկ Գեներալ Ալոշի դիրքի մասին մոտավոր գաղափար տալու համար բավական է ասել, որ նրա բնակարանում է իջևանում նահանգապետը՝ ամեն անգամ այդ քաղաքն այցելելիս. — ահա′ թե ով է Գեներալ Ալոշը: — Հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովը, որ ապրում է Գեներալ Ալոշի պալատ-բնակարանի ներքևի հարկում, սիրում է պատմել ակումբում — նրա, Գեներալ Ալոշի ներկայությամբ, թե ինչպե՞ս նահանգապետը, առաջին անգամ Գեներալ Ալոշի բնակարանը մտնելիս, բարեհաճել է այն կարծիքը հայտնել, որ այդպիսի մի ճաշակավոր բնակարան պատիվ կարող էր բերել... նույնիսկ Պետերբուրգին այո, անգամ Պետերբուրգին․․․ Եվ այս պատմությունն անելիս հաճույքով չփչփացնում է շրթունքները հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովը, իսկ ներկա գտնվող Գեներալ Ալոշը հաճույքից թարթում է աչքերն ու նայում է հատակին, համեստությունից ասես ուզում է գետինը մտնի։ «Հոգի մարդ է այդ Օսեփ Նարիմանովը» — մտածում է նա։

Եվ ճիշտ որ՝ հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովը, ինչպես ռուսներն են ասում, հոգի է․