Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/423

Այս էջը սրբագրված է

Շաբաթը երեք-չորս անգամ կալանավորներն զբաղված էին լինում ակումբում։ Կա՛մ ներկայացում էր լինում, կա՛մ ընկերական դատ, կա՛մ կենդանի լրագիր։ Կենդանի լրագրի համարը կազմված էր լինում երեք կամ չորս փոքրիկ զեկուցումից՝ քաղաքական, գյուղատնտեսական, բժշկական կամ դիտական հանրամատչելի նյութերի շուրջը։ Դասախոսում էին բացառապես կալանավորները։ Զրույցներից շատերը պատկերազարդ էին լինում. պատկերները նկարում էին Եֆիմ Բրավելմանը և Բելոգուրովը։ Զեկուցումներից հետո տրվում էին հարցեր, երբեմն էլ տեղի էին ունենում փոքրիկ դիսպուտներ։ Զեկուցումների արանքում երգում էին, կամ արտասանում ոտանավորներ, իսկ վերջում անպայման տեղի էր ունենում դիվերտիսմենտ, որը և վերջանում էր նվագով ու պարով։

Շաբաթը, կամ երկու շաբաթը մի անգամ տեղի էին ունենում կալանավորների ընդհանուր ժողովներ, ուր քննվում էին Ուղղիչ Տան ներքին կարգապահության ու կենցաղին վերաբերող խնդիրներ։ Այդ ժողովներին միշտ ընդարձակ ճառերով հանդես էր գալիս Ուղղիչ Տան պետը, որ ուներ խոսելու շատ յուրօրինակ ձև։ Խոսում էր առակներով, մասալներով, խոսելու ընթացքում հանկարծ դառնում էր այս կամ այն կալանավորին, կենդանի օրինակներ բերում և այլն։ Նրա ելույթները միշտ առաջ էին բերում մտքերի բուռն փոխանակություն, որին շատ անգամ մասնակցում էին նույնիսկ Վալոն, Խուժան-Խաչոն, Եֆիմ Բրավելմանը և Բաղդասարը։ Հռետորների ճառերը միշտ թարգմանվում էին թուրքերենի և