Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/424

Այս էջը սրբագրված է

ռուսերենի, այնպես որ վերջիններս էլ միշտ կենդանի մասնակցություն էին ունենում ընդհանուր ժողովներին։ Վերևում մոռացա հիշատակել, որ կենդանի լրագրերի ժամանակ ևս զեկուցումներից երկուսը հայերեն էին լինում, իսկ երկուսը՝ թուրքերեն ու ռուսերեն։

Երբեմն էլ դրսից էին հրավիրում դասախոսներ՝ հանրամատչելի զրույցներ անելու զանազան հարցերի շուրջը։ Ես չեմ մոռանա երբեք մի այդպիսի զրույց, որ կազմակերպված էր քիմիայի մասին։ Կուլտ-կոմիսիան համալսարանից հրավիրել էր մի քիմիայի դասախոս, որ եկավ՝ քիմիական փորձերի համար հետը բերած երկու խոշոր արկղ պարագաներով։ Դահլիճը լեփ-լեցուն էր կալանավորներով, սակայն ցանկացողների մեծ մասը դեռ դուրսն էր մնացել տեղ չլինելու պատճառով։ Դահլիճում ավելացված էր լույսը, սեղանի վրա փայլում էին ապակյա զանազանաձև սրվակներ, շշեր ու խողովակներ, որոնք կալանավորների վրա մոգական տպավորություն էին թողնում։ Բավականին սրամիտ մարդ էր դասախոսը և կարողացավ ըմբռնել դահլիճի հոգեբանությունը։ Նա իր փորձերը ցույց էր տալիս նախ իբրև ֆոկուսներ և ապա բացատրում։ Առանձնապես մեծ տպավորություն էին թողնում այն փորձերը, որոնց ժամանակ պայթյուն էր առաջանում։ Սակայն հետաքրքիրն այն է, որ չնայած դասախոսի ծայր աստիճան հանրամատչելի բացատրություններին — այնուամենայնիվ կալանավորները նրա բացատրություններն ընդունում էին որոշ թերահավատությամբ և անվստահությամբ։ Կարծես վախենում էին, որ նա կարող է խաբել իրենց,