Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/425

Այս էջը սրբագրված է

կամ ձեռ առնել: Ծայր աստիճանի կասկածոտ մարդիկ էին կալանավորները և ոչ մի բան առաջին անգամից չէին կարող հալած յուղի տեղ ընդունել։ Բացի այս՝ ֆոկուսն ավելի էր հասկանալի ու հաճելի նրանց մտքին, քան դիտական փորձը։ Կարծես հիասթափվում էին՝ զարմանալի փորձից հետո երբ լսում էին հասարակ բացատրությունը։ Այնուամենայնիվ աշխատում էին չհավատալ մի կողմից չցրելու համար հրաշալի պատրանքը, իսկ մյուս կողմից՝ պատկերը լրացնում էր թերահավատությունը։ Կալանավորների այդ թերահավատ վերաբերմունքի լավագույն ձևակերպումը տվեց Լազգին, որ ամբողջ դասախոսությանը հետևում էր հիացած, լայն չռած աչքերով, որևէ անակնկալ փորձից հետո անհանգիստ սրան-նրան էր նայում՝ չլինի՞ թե ուրիշները չեն հավատում, իսկ ինքը խաբվում է հիմարաբար... Սակայն տեսնելով, որ բոլորն էլ հիացած են բարձրաձայն արտահայտում էր իր զարմանքը.

— Իյա՜...

Իսկ դասախոսությունից հետո նա ինձ ասաց.

— Ընդրա հե՛չ մեկ խոսքին էլ չեմ խավտա...

Ճերմակ ջուր դարձավ կարմիր ջուր — էլա՜վ գնաց... Թո էթա քաղցի տղոց խաբա։

Իսկ Բաղդասարն ասաց.

— Դուք կարո՞ղ եք հավի ձուն շշի մեջ մտցնել... Կուզե՞ք ասեմ՝ ոնց են անում...

Երբեմն էլ դրսից, բանվորական կոմեմերիտական ակումբներից գալիս էին թատերախմբեր և տալիս փոքրիկ ներկայացումներ ու օպերետներ։ Հաճախ գալիս էր թուրքական կոմերիտական խումբը, մի անգամ էլ եկավ մի ինչ-որ