Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/427

Այս էջը սրբագրված է

անկյուններում։ Մեկը թառ էր նվագում, մյուսները՝ ծալապատիկ նստած կոյկաների վրա՝ դոմինո էին խաղում, լխկում էր նարդին ու հատ ու կենտ կամերաներում հնչում էր մանդոլինն ու դհոլը։ Վերի կամերաներից մեկում մի քուրդ կար, որ բռնված էր սպանության գործով. սրինգ էր նվագում։ Կալանավորները հավաքվում էին նրա շուրջը, լսում նրա միապաղաղ, տխուր, մայող նվագը և սկսում ցած ձայնով զրուցել դրսի աշխարհում թողած իրենց ընտանիքների, բարեկամների ու թշնամիների մասին։ Եվ բոլոր այդ զրույցները վերջանում էին մեկի տված, արդեն բոլորի համար սովորական դարձած, սակայն հավիտյան հուզող հարցով.

— Նայես էս փետրվարին ամունիստ կա՞...

Կամ՝

— Կասեն գալող նոյեմբերին մեծ ամունիստ կա. բոլոր կալանավորն էթալու ա տուն...

Առհասարակ չկար մի այլ նյութ, որ այնքան հուզեր կալանավորների միտքը, յուրաքանչյուր օր այնքան վեճերի ու զրույցների առարկա դառնար, որքան այդ նյութը։ «Ամնիստիա», կամ, ինչպես կալանավորներն էին ասում՝ «ամունիստ»— ահա՛ այն մոգական բառը, որ կենդանություն կարող էր պարգևել նույնիսկ մեռնող կալանավորին։ Քաղաք գնացող կալանավորին ընկերներն անպայման կպատվիրեին.

— Մի իմացի ամունիստ-բան չկա՞...

Քաղաքից գալողին պիտի անպայման հարցնեին.

— Հը՛, ամունիստի մասին բան-ման չիմացա՞ր...