Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/43

Այս էջը հաստատված է

կատարյալ հոգի։ Չնայած, որ նա ծնվել է Հաշտարխանում, բայց, երևակայո՞ւմ եք, այնպես է ընտելացել նայիրյան այդ քաղաքին, որ ասես այդտեղացի լինի։ Ահա սա է պատճառը, որ նա շատ գործեր՝ վեճեր, ընտանեկան կռիվներ, ամուսնական անախորժություններ և նման այլ և այլ փոքրիկ դատեր սիրում է հարթել ո′չ որպես պաշտոնյա, այլ, այսպես ասած՝ ընտանեբար, կամ, ավելի ճիշտ՝ հայրաբար — որի համար և նա ամենաիրավացի կերպով վայելում է բոլոր քաղաքացիների հարգանքը, իսկ շրջակայքում բնակվող գյուղացիների կողմից այդ հանգամանքն արտահայտվում է, որպես խորին ակնածանքով նվիրաբերած մի քանի տասնյակ ձու, տաս-տասներկու ֆունտ․ «անքաշ» պանիր, կամ, երբեմն էլ, եթե գործը քննվում է զատկական տոների նախօրյակին՝ մի-երկու գառ կամ ուլ։ Նա չի սիրում գործերը ձգձգել՝ զզվում է պաշտոնական եռուզեռից։ Օսեփ Նարիմանովն այդպիսի մարդ չէ և չի′ էլ ուզում լինի։ Եթե նա հնարավորություն ունենար և մի քիչ էլ ֆիզիկականը ներեր — ամենամեծ ուրախությամբ կթողներ քաղաքն էլ, հաշտարար դատավորի պաշտոնն էլ և որևէ մի գյուղ կտեղափոխվեր՝ երկրագործությամբ զբաղվելու։ Օսեփ Նարիմանովը շատ է սիրում երկրագործությունը, մանավանդ այդ աստվածային զբաղմունքի կենարար բարիքները և հողային հարցի մասին սիրում է հայտնել բավականին ազատամիտ կարծիքներ։ Հետաքրքիր անձնավորություն է Օսեփ Նարիմանովը — Օսեփ Նարիմանովին հարկավոր է հասկանալ։