Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/430

Այս էջը սրբագրված է

երբ հավաքվում էինք արտադրական արհեստանոցում, նվագում էր ռուսական, ուկրաինական, վրացական երգեր, կամ փողոցային տխուր, որտառուչ, հախուռն եղանակներ։ Եֆիմ Բրավելմանը, տեսնելով նրա հաջողությունը՝ ինքն էլ մեջ էր ընկնում և երգում էր իր անթիվ-անհամար կուպլետները։ Իսկ Բենժամենը վերցնում էր ջութակը և նվագում պարի եղանակներ. կալանավորները պարում էին, աղմկում — հետո դադարում էր աղմուկը, ու աշխատանոցը շարունակում էր իր գործը։

Այդպիսի երեկոներին, երբ մենք հավաքված արհեստանոցում՝ նվագում էինք, պարում ու աղմկում — հանկարծ, խորհրդավոր Ժպիտը դեմքին՝ կմոտենար ինձ Բելոգուրովը և կսկսեր պատմել Եֆիմ Բրավելմանի գծուծ արարքները։ Ես գիտեի, որ սուրբ ճշմարտություններ են Բելոգուրովի բոլոր ասածները Եֆիմի մասին, բայց չէի սիրում Բելոգուրովի այդ զրույցները։ Տխուր մարդ էր Բելոգուրովը՝ բնությունը նրան տխուր աչքեր էր տվել ու խեղճ բնավորություն։

Կուլտ-բաժնի փակվելուց հետո բոլորը քաշվում էին իրենց կամերաները և տրվում խաղի, խոսակցության, նվագի, կամ՝ մեջքի վրա պառկած երազանքի ու ձանձրույթի։ Սուրենի ընկերը, Խաչիկը, որը 25—26 տարեկան մի երազող երիտասարդ էր՝ փակված վագրի նման միջանցքում պատից-պատ էր քայլում, ձեռքերը ետևը դրած, գլխակախ ու մելամաղձոտ։ Ես հաճախ մոտենում էի նրան, հարցնում.

— Հը՛, Խաչիկ, ի՞նչ ես մտածում...