Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/432

Այս էջը սրբագրված է

— Ախր, անտերը... էրկու անգամին էլ թուրք ենք սպանե... Հարցը դառել ա ազգային... Ուզում էին գնդակահարեն՝ Կենտգործկոմը ներեց...

Հետագայում ես իմացա նրանց գործի մանրամասնությունը։ Դուրս եկավ, որ նրանք չորս հոգանոց խմբով, թալանի նպատակով, հարձակումներ են կատարելիս եղել հատկապես թուրք տների վրա, որոնցից երկուսի ժամանակ կատարել են սպանություններ։ Երեք-չորս գործից հետո միանգամայն թողել են բանդիտիզմը, երկու տարի ապրել այլ աշխատանքներով, ոչ մի հարձակում չեն կատարել,— և հանկարծ, միանգամայն պատահական կերպով բացվել է նրանց գործը, և նրանք Ուղղիչ Տուն են ընկել։ Սուրենը, Նիկոլը, Խաչիկը և մի ուրիշը, որին ես չտեսա, որովհետև նա իմ Ուղղիչ Տուն ընկնելուց 2 ամիս առաջ վախճանվել էր Ուղղիչ Տան հիվանդանոցում։ Ասում էին, որ այդ վախճանվածն է եղել դրանց ղեկավարն ու կազմակերպիչը, այդ միֆական Մեսրոպը։ նրա ուժի, բնավորության և «քաջության» մասին պատմում էին լեգենդներ...

Չնայած, որ ես ապրում էի հիվանդանոցում, բայց երեկոները միշտ անց էի կացնում քրեական կորպուսի կամերաներում՝ մասամբ նրանց կենցաղը դիտելու, մասամբ էլ մենակությունից ու ձանձրույթից չխեղդվելու համար։ Եվ միշտ, ո՛ր երեկոյան էլ կամերաները մտնեի՝ պատկերը նույնն էր. խաղում են, նվագում, զրուցում։ Չգիտեմ ինչու՝ կալանավորների աղմուկը, կամերաների իրիկնային ղժժոցը տխրեցնում էր ինձ