Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/433

Այս էջը սրբագրված է

մարդիկ թվում էին անիրական ու ֆանտաստիկ, իսկ ամբողջ Ուղղիչ Տունը՝ անգո զառանցանք։ Իմ ամբողջ էությամբ ես զգում էի, որ այդ մարդիկ, որ երգում են, ծիծաղում, վիճում, նվագում, կամ քայլում անկյունից-անկյուն — չնայած երգին, նվագին, ծիծաղին ու սրախոսություններին — տխո՛ւր են, այնքա՛ն տխուր, որքան առհասարակ կարող է տխուր լինել մարդ կոչվող արարածը։ Եվ դա ճիշտ էր. դրա ամենալավ ապացույցն այն էր, որ երեկոները կալանավորները չափազանց ջղային էին դառնում, անհանգստանում էին, հասարակ բաների համար կռվի բռնվում, խոսքով խոցում իրար, հեգնում ու ծաղրում։ Մարդկային անսահման հոգին էր ըմբոստանում ու ազատ ելք պահանջում,— ձգվելու, տարածվելու, շուռումուռ գալու, փողոց, դաշտ գնալու, ոսոխի ու բարեկամի տեսնելու, գզվելու ու կռվելու հնարավորություն։ Եվ կալանավորներն ամեն մի հնարքի դիմում էին, ամենաաներևակայելի միջոցների՝ խեղդելու հոգեկան այդ ծայրահեղ թախիծը, ծայրահեղ անհանգստությունը։ Իսկ դե ի՞նչը կարող է ընդհանրապես ավելի լավ հանգստացնել, ելք տալ տխրող ու անհանգստացող մարդու կուտակված հույզերին, եթե ոչ՝ ծաղրը, հեգնանքը, դիմացինի նսեմացումը։ Այսպես թե այնպես գոնե մեկից ոխ ես հանում, հետն էլ մի փոքր զվարճանում — ով ուզում է լինի այդ «մեկը», թեկուզ հարազատ ընկերդ։ Ուստի միանգամայն թող զարմանալի չթվա, որ կալանավորները զվարճանալու համար դիմում էին երբեմն — և բավականին հաճախ — հետևյալ միջոցին։