Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/434

Այս էջը սրբագրված է

Մի անգամ երեկոյան ես գնացել էի վերի կամերաները։ Երբ մտա ութերորդ կամերան՝ տեսա Բաղդասարը սավանից հիվանդանոցային խալաթ է շինել, քորոցներով ամրացրել իր վրա, կռնատակին զանազան թղթեր ու կանգնել է կամերայի մեջտեղը։ Կալանավորները զվարթ ծիծաղում էին և խորհուրդներ տալիս, թե էլ ի՞նչ անի, որպեսզի իսկական բժշկի կերպարանք ստանա։ Երբ նա վերջացրեց իր պատրաստությունները՝ մոտեցավ ինձ և խորհրդավոր կերպով ասաց.

— Գնա՛նք մեզ հետ. հետաքրքիր բան է լինելու։

Հետո նա արագ դուրս ելավ, նրա ետևից՝ կամերայի ամբողջ բնակչությունը։ նկատեցի, որ դրանցից մեկը ամանով ջուր է վերցրել ու թաքցրել վերարկուի տակ։ Երթն արագ անցավ միջանցքով և մտավ ծայրի կամերան։ Առաջինը՝ արագ, հատու քայլերով՝ մտավ Բաղդասարը, ետևից երեք ուրիշ կալանավորներ, մյուսները մնացին դռան առջև կանգնած։

— Ո՞վ է էստեղ կամերայի ավագը,— չոր, պաշտոնական հազալով՝ հարցրեց Բաղդասարը։

Ավագն առաջ եկավ։

— Նոր կալանավորներ կա՞ն։

— Երկուսը կան։

— Ովքե՞ր են, ցո՛ւյց տուր։

Ավագը ցույց տվեց։ Նորեկներն արդեն հանել էին շորերը և պառկել: Գյուղացիներ էին։

— Ձա՛յն տուր դրանց. ասա՝ բժիշկը եկել է քննելու։