Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/436

Այս էջը սրբագրված է

երկու անգամ զարկեց նրա մեջքին, հետո հայտնեց.

— Լա՛վ։ Իջեցրո՛ւ։

Ու ցույց տվեց շալվարը։ Նորեկը, հլու, իջեցսեց շալվարը։ Եվ հենց այդ վայրկյանին ետևից մոտեցավ Բաղդասարի հետ եկած կալանավորներից մեկը և հետն ամանով բերած սառը ջուր շաղ տվեց նորեկի տկլոր մարմնի վրա... Նորեկն անմիջապես վեր քաշեց շալվարը։

Կամերան թնդաց միահամուռ ծիծաղից։ Բաղդասարը հեգնանքով խփեց նորեկի քթին, և նրանք նոր հասկացան, որ չարաչար խաբվեցին...

Ահա այսպիսի միջոցների էին դիմում կալանավորները՝ գոնե քիչ զվարճանալու, ցրելու համար իրենց անսահման ձանձրույթն այն «լի» երեկոներին, երբ կուլտ-բաժնում ո՛չ ներկայացում էր լինում, ո՛չ կենդանի լրագիր։

Հետո նրանք ցրվում էին իրենց կամերաները, մեկը մյուսի ետևից պառկում— և քունը իջնում էր նրանց անհանգիստ, ձանձրացող սրտերին՝ անիրական երազներում գոնե տեղափոխելու նրանց ա՛յն երջանիկ աշխարհը, որ գտնվում է Ուղղիչ Տան դարբասներից, պատերից անդին...

Սակայն երբ ես հետագայում տեղափոխվեցի քրեական կորպուսը՝ նկատեցի, որ կալանավորներից շատերը գիշերներն էլ են անհանգստանում. քնի մեջ խոսում են, շարժումներ անում, հայհոյում, ժպտում... Այս հանգամանքի վրա ևս, որքան հիշում եմ, իր ժամանակ ուշադրություն է դարձրել Ֆյոդոր Դոստոևսկին։

Անհանգիստ էին քնում կալանավորները, և ես սկզբներում ինձ բավականին վատ էի զգում, երբ