Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/438

Այս էջը սրբագրված է

Նայեցի՝ քրեական կորպուսի դռան առջև կանգնել է պետը՝ ուրախ, իրար խառնված կալանավորների ժխորում ու մեկ-մեկ ընտրելով՝ բաց է թողնում նրանց այս կողմը։ Այստեղ իրար գլխի հավաքված՝ բարձրաձայն զրույց են անում Ուղղիչ Տան գրասենյակի, բանվորական սեղանի և հիվանդանոցի՝ ծառայողներն ու հսկիչները։ Նրանցից մեկը բռնել էր կուլտ-բաժնի դրոշակը, իսկ Անահիտը, այն Անահիտը, որ բեմ դուրս գալիս միշտ զվարթացնում էր բոլորին — հավաքել է Անուշին, Մարգարիտին Լյուբային, Մանիշակին և մի-երկու այլ կալանավորուհիների ու բացատրում է նրանց, թե ինչպես պետք է գնան և ինչպես պետք է մասնակցեն երթին...

Մոտեցա պետին։ Նրա շուրջը կատարյալ ճակատամարտ էր. բոլորն էլ ուզում էին գնալ քաղաք, սակայն պետին հարկավոր էր ընտրել այնպիսիներին, որոնց կարելի էր միանգամայն վստահել- Մոտ մի ժամվա աղմուկից ու հարայհրոցից հետո վերջապես մի կողմ հավաքվեցին մոտ 80 կալանավոր, որոնք և պետք է քաղաք գնային՝ տոնական երթին մասնակցելու։ Նրանց բոլորի էլ դեմքը փայլում էր հաճույքից և ուրախությունից։ Մեծ մասը գյուղացի կալանավորներ էին, որոնց համար մեծ բավականություն էր ոչ միայն քաղաք գնալը, այլև տոնական երթին մասնակցելը. գիտեին, որ երաժշտություն պիտի լինի, պիտի անցնեն ժողովրդով լիքը փողոցներով, լսեն կառավարության անդամների ճառերը և ողջունեն նրանց, ինչպես մնացած քաղաքացիները։ Առանձնապես դուր էր գալիս նրանց նաև այն հանգամանքը, որ նրանք գնալու էին առանց հսկիչների։ Դրանցից մի