Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/439

Այս էջը սրբագրված է

քանիսը, ճիշտ է, պիտի մասնակցեին երթին, սակայն ոչ թե շարքի ետևից ու առաջից, կամ կողքերից, ինչպես հսկիչներ, այլ իբրև Ուղղիչ Տան ծառայողներ՝ մնացած ծառայողների հետ միասին՝ կալանավորների հետ խառը։

Կալանավորներին, տոնական երթին մասնակցելու համար, քաղաք ուղարկելու գաղափարն իրեն՝ պետին էր պատկանում, ուստի, եթե անպատեհություններ պատահեին, պատասխանատուն ինքն էր, սակայն նա հաստատ համոզված էր, որ բոլորն էլ կգնան ու ետ կգան առանց անպատեհությունների — ինչպես և պատահեց։

Դեռ սկզբից ես նկատել էի, որ ամբողջ ժամանակ պետի շուրջն է դառնում Եֆիմ Բրավելմանը. նա ևս ցանկանում էր քաղաք գնալ, բայց պետը չէր թողնում՝ երևի կասկածելով, որ կարող է փախչել։ նա ամեն կերպ համոզում էր պետին, որ դա անհնարին է, որ ինքը, Եֆիմ Բրավելմանը, սրիկա հո չէ՞, որ ի չարը գործ դնե պետի վստահությունը։ Սակայն ոչ մի բան չօգնեց, և Եֆիմ Բրավելմանը մնաց Ուղղիչ Տանը։ Խայթվածի պես նա ամբողջ ժամանակ դեսուդեն էր վազում, սրան-նրան դիմում, արդարացնում իրեն և աշխատում հանգստացնել իրադրությունը։ Պետի անվստահությունը նա վերագրում էր միմիայն չար լեզուների զրպարտություններին, ակնարկում էր, որ այդ գործում պակաս դեր չի խաղացել Բելոգուրովը... Ու դիմելով ամենքին՝ հարց էր տալիս.

— Ասացեք խնդրեմ՝ դուք հավատո՞ւմ եք, որ ես կարող եմ փախչել...