Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/44

Այս էջը հաստատված է

Հաշտարար դատավորի ատյանին կից շենքը, ինչպես ասացինք, ռեալական դպրոցն է, իսկ երկու տուն այն կողմը — օրիորդաց գիմնազը։ Հարկավոր է ասել, որ քաղաքի այդ մասը ներկայացնում է իրենից — իսկական մի «կրթական կենտրոն»: Երկու դպրոցի էլ շենքերը պատկանում են մեզ արդեն հայտնի Գեներալ Ալոշին, և ամեն առավոտ, երբ նա հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովի հետ անցնում է դպրոցների առաջից ռեալական դպրոցի տեսուչ Արամ Անտոնիչ — «Փուքսը» (այսպես են անվանում դպրոցի տեսուչ Արամ Անտոնիչին չարաճճի աշակերտները՝ նրա փորի բավականին պատկառելի մեծության պատճառով) — բացագանչում է վերից տեսչանոցի պատուհանից. — Խորի՜ն հարգանքներս Ալոշա Նիկիտիչին. Օսեփ Կարպիչին — նույնպե՛ս»: Դպրոցի աշակերտները շատ անգամ են լսել իրենց խոժոռ տեսչի սիրալիր այս բացագանչությունը վերոհիշյալների հասցեին — և թերևս մի քիչ էլ այս է պատճառը, որ նրանք, դպրոցի աշակերտները, մի առանձին հարգանք են տածում դեպի Գեներալ Ալոշը և Օսեփ Նարիմանովը։ Ասում եմ «մի քիչ», որովհետև հիշյալ պատկառելի քաղաքացիներին հարգելու ուրիշ պատճառներ և միանգամայն արդարացի հիմքեր ևս ունեն ռեալական դպրոցի չափահաս աշակերտները։ Երբ, Զատկին կամ Ծննդին, դպրոցական երեկույթներ են լինում դպրոցի սրահում — ովքե՞ր են բազմում առաջին կարգի նստարանների վրա, գավառապետի կողքին. — Գեներալ Ալոշը և Օսեփ Նարիմանովը: Եվ կամ երբ տոնածառի լուսազարդ ճյուղերից կախված շաքարե թիթեռնիկներն ու գույնզգույն կոնֆետները