Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/446

Այս էջը սրբագրված է

«Ինտելիգենտներից» երկու հոգի միայն կային այդ կամերայում։ Մեկը Բենժամենն էր, իսկ մյուսը Եփրեմ անունով մի չափազանց երիտասարդ կալանավոր, որին հետագայում ես շատ սիրեցի և կապվեցի նրա հետ։ Դա նախկին խորհրդային ծառայող էր, որ Ուղղիչ Տուն էր ընկել յուրացման մեղադրանքով։ Մենք միևնույն օրն էինք ձերբակալվել, և ես հիշում եմ, որ իմ ձերբակալության առաջին օրր, դեռ միլիցիայի քրեական բաժնում, ես տեսա նրան առավոտը լվացվելու գնալիս։ Ամբողջ գիշերը ես անքուն էի մնացել ու ծխել, այնպես որ վերջացել էր ծխախոտս — և այնտեղ, քրեական բաժնում, նա ինձ տվեց մի տուփ էժանագին գլանակներ, որպիսիքը հետագայում Ուղղիչ Տանը ես տալիս էի Անուշին ու Մարգարիտին։

Ուղղիչ Տանը նա առանձնապես շահեց իմ համակրանքը իր փայլուն ընդունակություններով կուլտ-կրթական գործում և իր ընկերական վերաբերմունքով դեպի կալանավորները։
Երբ հայտնեցի ութերորդ կամերայում, որ իրենց մոտ եմ տեղափոխվելու՝ ուրախացան և անմիջապես մի քանիսը եկան իրերս տեղափոխելու։ Իբր առանձին հարգանք՝ Համոն զիջեց իր տեղը անկյունում, պատուհանի ներքևը, որ ամենալավ տեղն էր համարվում։
Այդ երեկո, երբ ևս կամերան էի գնում, նկատեցի, որ միջանցքում, հենց հատակի վրա, կարպետների տակ մտած՝ պառկել են և պատրաստվում են քնելու ինչ-որ նոր կալանավորներ։ Մոտեցա՝ թուրք կալանավորներ էին, գյուղացիներ՝ բոլորն էլ ձերբակալված իրենց անչափահաս աղջիկներին ամուսնացնելու համար: