Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/448

Այս էջը սրբագրված է

ուշացրությունը գրավեցին ութերորդ կամերան տեղափոխվելուց հետո։ Արան թերևս օգնեց և այն հանգամանքը, որ սկզբից ևեթ ես ինձ «հավասար» պահեցի նրանց հետ։ Պայմաններն էլ ինձ համար այնպես էին դասավորվել, որ ես ուզած֊չուզած՝ պիտի ապրեի նրանց պես, համարյա նրանց կենցաղով։ Դրսից արդեն ես ոչինչ չէի ստանում, սպիտակեղենս, ինչպես և նրանք, տալիս էի լվանալու Անուշին ու Մարգարիտին, որի համար, ինչպես և նրանք, նվիրում էի նրանց հաց, ծխախոտ, կամ էժանագին կոնֆետներ։ Ծխախոտի և այլ պետքերի համար փող գտնելու միակ հնարավորությունս այն հնարավորություններն էին, որ ունեին նրանք. ծախում էի իրերս, խանութից պարտք վերցնում և այլն։ — Այնպես որ որոշ չափով մենք հավասար մարդիկ էինք, և այս հանգամանքն ինձ օգնեց մասամբ շահելու նրանց ընկերական վստահությունը։

Վերի կամերաների կյանքն ուսումնասիրելու խնդրում ութերորդ կամերան հարմար էր և ա՛յն տեսակետից, որ մի տեսակ ակումբ էր բոլոր վերի կամերաների համար։ Մեզ մոտ կային երաժիշտներ, որ երկար նվագում էին երեկոները և ունկնդիրների ահագին բազմություն հավաքում։ Մեզ մոտ էր, վերջապես, և լյումպեն—ռեցիդիվիստների շտաբն ու նրանց պարագլուխը՝ Բաղդասարը։
Մեր, այսինքն ութերորդ կամերայում, լյումպեններից բացի կային և մի քանի այլ կալանավորներ։ Ամենից առաջ հարկավոր է հիշել երկու թուրք կալանավորների, որ թեկուզ մեր կամերայում էին բնակվում, բայց իրենց առանձնացած էին պահում, համարյա չէին մասնակցում կամերայի ընդհանուր