Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/449

Այս էջը սրբագրված է

կյանքին։ Սպանության գործով դատապարտված երևանաբնակ թուրքեր էին դրանք, որ դրսից միշտ ուտելեղեններ էին ստանում, բայց երբեք չտեսա, որ մեկին հյուրասիրեին։ Այնինչ մի անգամ — առաջին և վերջին անգամ— երբ Օսը տնից խմորեղեններ ստացավ, — գյուղական գաթաներ և փախլավաներ — հինգ րոպե անց՝ ոչ մի կտոր չմնաց մոր ուղարկած բավականին մեծ սնդուկում։ Թուրք ալանավորներն աշխատում էին խոզանականոցում. առավոտները դնում էին, երեկոները գալիս։ Ուղղիչ Տան ճաշը չէին ուտում, իսկ հացը հավաքում էին ու տալիս չքավոր կալանավորներին՝ իրենց մատուցած որոշ ծառայությունների հանդեպ, օրինակ՝ լվացքի, ամաններ լվանալու և այլն։ Մեզ հետ համարյա չէին խոսում, բայց չէին էլ խանգարում մեզ։ Մինչև լույս էլ աղմկելու լինեինք՝ չէին բողոքի։ Չեզոք էին պահում միշտ իրենց՝ երբ կալանավորները վարչության հետ այս կամ այն վեճն էին ունենում։ «Անշառ» մարդիկ էին, ինչպես ասում էր Բաղդասարը, և մեր կամերայի բնակչությունը դժգոհ չէր նրանցից։

Մեր կամերայում ապրում էին երկու պոլսեցի՝ Հաջին ու Միհրանը։ Հաջին մոտ 35 տարեկան, միջահասակ, բաց—կապույտ աչքերով և դեղին մազերով մի կալանավոր էր, խաղաղ, մեղմ բնավորությամբ, ինչպես և նրա ընկերը։ Դատապարտված էր սպանության գործով — և մարդ դժվար էր հավատում, որ կապույտ աչքերով այդ խաղաղ մարդն ընդունակ է սպանության։ Կամերայում հայտնի էր նրանով, որ ուդ էր նվագում։ Մանդոլինի նման, սակայն մի փոքր մեծ, գործիք էր դա, տաճկական մանդոլին, որի հնչյունները մեղմ էին, ինչպես