Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/450

Այս էջը սրբագրված է

Հաջու բնավորությունը։ Երեկոները ծալապատիկ նստում էր իր կոյկայի վրա, հավաքում էր շուրջը մի քանի ուրիշ պոլսեցիներ, երկա՜ր֊երկա՜ր նվագում էր մեղմ, սրտաբեկ, տխուր երգեր՝ ձայնակցելով ուդին իր նույնպիսի մեղմ, սրտաբեկ ձայնով։ Երգերի մեծ մասը տաճկական ժողովրդական երգեր էին, ինչպես և նրանց զրույցն էր տաճկերեն։ Բացի պոլսեցիներից ու, կարծեմ, Միսաքից՝ ոչ-ոք չէր հասկանում ու սիրում ուդը, այդ բադանման գործիքը, որի ձայնը նման էր մեռնող երեխայի հառաչանքի։

Միհրանը 50—նն անց մարդ էր արդեն, նախկին մսագործ, որ մորթել էր իր ընկերոջը՝ խանութի

շուրջը եղած վեճի պատճառով։ նույնպես մեղմ բնավորություն ուներ չնայած աժդահա հասակին և բավականին բռի, կոպիտ արտաքինին։ Սա երեկոները ծալապատիկ նստած՝ ունկնդիր էր լինում Հաջու նվագին և մելամաղձոտ ու տխուր՝ օրորում գլուխը։ Ինչքան մոտենայի նրան այդ վայրկյանին՝ գլուխը կբարձրացներ ու կասեր.

— Շա՛տ անուշ կնվագե… Անո՛ւշ կուգա սրտիս… Սրանք երկուսն էլ աշխատում էին արհեստանոցներում և օրվա մեծ մասը կամերայից դուրս էին անցկացնում։
Մեր կամերայում էր մնում նաև Միխո անունով մի նախկին բաղնիսպան, որ դատապարտված էր

միջնորդության գործով։ 50—ին մոտ մարդ էր. բարձրահասակ, գլխակախ, չոր։ Մի բան կար դեմքի արտահայտության մեջ, որ հիշեցնում էր ներքինու։ Դեմքը երկարավուն էր ու չոր, վրան դեղին մագաղաթ. այտոսկրները ցից, ինչպես մղնղոլի— սպիտակախառն, բորբսնած մազերը խուզած