Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/453

Այս էջը սրբագրված է

Բացի սրանցից՝ ութերորդ կամերայում ապրում էին՝ Բաղդասարը, Օսը, Համոն, Լազգին, Դարչոն, Միսաքը և Գլդան անունով մի գյուղացի երիտասարդ, որը դատապարտված էր գողության համար։ Սա հենց ա՛յն կալանավորն էր, որ խոսում էր գիշերները ու իր աներևույթ ոսոխների հետ մենամարտում։ Կային և երեք գյուղացի կալանավորներ, բայց նրանք շուտով գնացին և չթողին իմ հիշողոթյան մեջ և ո՛չ մի հետք:

Ես դիտմամբ հիշատակելու համար առանձին պահեցի և՛ս երկու կալանավորի, որոնցից մեկը մեր կամերան մաքրողն էր, իսկ մյուսը՝ մեր կամերայի «ավագը»։ Կամերայի ավագ առհասարակ ընտրվում էր տվյալ կամերայի ամենաազդեցիկ կալանավորը։ Նրա պարտականությունն էր հսկել մաքրությանը և միևնույն ժամանակ նա կուլտ-բաժնի ներկայացուցիչն էր համարվում տվյալ կամերայում։ Այսպես էր, ընդհանրապես, բոլոր կամերաներում։ Այսպես չէր սակայն ութերորդ կամերայում։ Այստեղ ավագին դարձրել էին ավագ սպասավոր, որ ճաշ ու մթերքներ էր ստանում ու բաժանում և, միևնույն ժամանակ, մաքրում կամերան ու լվանում ամանները։ Նրան իբրև օգնական նշանակել էին մի ուրիշին, որի հետ և միասին նրանք հոգում էին մեր «տնային» պետքերը։ Առաջինը Անդրկասպյան երկրից մեր Ուղղիչ Տունն ընկած համարյա աննորմալ մի կալանավոր էր, դատապարտված գողության համար, երկրորդը՝ ամերիկյան որբանոցի մի նախկին որբ՝ նույնպես գողության գործով։ Առաջինի անունն Արամ էր, երկրորդինը՝ Ազատ, բայց չգիտեմ ինչու ութերորդ