Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/454

Այս էջը սրբագրված է

կամերայի բնակիչներն այս վերջինիս շնորհել էին «կնյազ» տիտղոսը...

Սրանցով սպառվում է ութերորդ կամերայի բնակչության անձնական կազմը։

Այս բոլոր կալանավորներից Ուղղիչ Տան զանազան հիմնարկներում աշխատում էին՝ թուրքերը, պոլսեցիները, Համոն, Օսը, Միսաքը, Դարչոն, որ Ուղղիչ Տան սափրիչն էր. Միխոյին բաղնիսպան էին կարգել, Բենժամենը բանսեղանի ցուցակագիրն էր, իսկ Եփրեմը՝ հաշվապահը։ Լազգին, ինչպես գիտենք, սանսեկցիայի փոխ-նախագահն էր. մնացածներն անգործ էին և ամբողջ օրը թրև էին գալիս Ուղղիչ Տանը, կամ կամերաներում նստած զբաղվում էին զանազան գործերով։ Կարոն իր թառին անվերջ սադափներ էր փակցնում, Բաղդասարը հացի խմորից համրիչներ կամ վարդատունկեր էր պատրաստում, իսկ մյուսներն անվերջ խաղում էին «կատորժանին» կոչված խաղը, որ բավականին անիմաստ մի խաղ էր — սակայն ինչո՞վ չէր զբաղվի անգործ կալանավորը, որպեսզի ազատվի ձանձրույթից։

«Կատորժանինը» խաղում էին այսպես։— Քսանևհինգ բարակ, սրածայր, կլոր փայտիկներ էին, որոնցից հնգի վրա թվանշաններ կային գրված՝ 5, 10, 15, 20, 25. կային և 2-նոց ու 3-նոց փայտիկներ, որոնց վրա թվանշանի փոխարեն քաշած էին լինում համապատասխան քանակությամբ գծիկներ։ Մնացած փայտիկները համարվում էին մեկանոց։ Ամբողջ խաղի էությունն այն էր, որ այդ փայտիկները բռի մեջ ի մի հավաքած՝ գցում էին սեղանին, կամ կոյկայի վրա, նայած թե ինչի՛ վրա էին խաղում,— և ապա մեկ-մեկ հավաքում,