Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/456

Այս էջը սրբագրված է

հիմարացնում է, համարյա դարձնում իդիոտ։ Ծխողը թուլանում է, հիմարաբար ծիծաղում, հետո ծանրանում է գլուխը ու քնում։

Առաջին անգամ երբ ես տեսա անաշա ծխած մի կալանավորի՝ դա ինձ վրա թողեց համարյա միստիկական տպավորություն, որպիսի տպավորություն թողնում են ընկնավորներն ու յուրոդիվիները։ Դեռ ես չէի լսել անաշայի մասին, անունն անգամ չգիտեի։ Երեկո էր, և ես հևացի 5-րդ կամերան, ուր այն ժամանակ մնում էր Բենժամենը։ Դռնից անմիջապես աջ՝ Սուրենի կոյկան էր, երբ մտա ներս՝ տեսա Սուրենին, որ նստած էր իր կոյկայի ծայրին։ Շուրջը հավաքվել մի քանի կալանավորներ — լուռ, խորհրդավոր՝ նրան էին նայում։ Բան չհասկացա։

— Ո՞նց ես,— հարցրի Սուրենին։

Ուսերը վեր քաշեց, նայեց երեսիս և հիմարաբար ժպտաց։ Մեկը ծիծաղեց։ Հիվանդոտ, ո՛չ իր, իդիոտային ծիծաղով ծիծաղեց և՛ Սուրենը։ Կալանավորները հռհռացին։ Ես ապշած սրան-նրան էի նայում, երբ Խաչիկը բռնեց իմ թևից, տարավ մի կողմ և կամացուկ ասաց.

— Անաշա է ծխել։

Եվ հետո, երբ տեսավ, որ չեմ հասկանում՝ բացատրեց, թե ինչ բան է անաշան, ո՛նց են ծխում և ի՛նչ ազդեցություն է ունենում ծխողի վրա։

Ութերորդ կամերայում անաշա ծխում էին շատերը։— Սակայն անաշա ծխելու ամենամեծ վարպետը Հաջին էր, ոչ թե մեր կամերայի ուդ նվագող Հաջին, այլ մի ուրիշ Հաջի, որ ապրում էր հարևան կամերայում, սակայն օրվա մեծ մասը մեզ մոտ էր անցկացնում։