Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/458

Այս էջը սրբագրված է

Բաթումից գալիս է Լենինական ներկայանում, թե Աջարստանի կոոպերատիվների ներկայացուցիչն է և եկել է Հայաստանի կոոպերատիվների հետ ծանոթանալու։ ներկայացնում է համապատասխան վկայականներ։ Խնդրում է աջակցել, որպեսզի կարողանա ծանոթանալ ապրանքների գներին։ Այս ամենի շնորհիվ ամեն տեղ ընդունում են լիակատար վստահությամբ և ցույց տալիս ուզած ապրանքները։ Առաջին օրը մի խանութից գողանում է, պահելով վերարկուի տակ, մի քանի հատ շևրո, մի թոփ շևյոտ և մի դյուժին կանացի գուլպաներ։ Հետո նորից։ Երրորդ անգամ նկատում են ու ձերբակալում — և այդ համարձակ, բայց վերջ ի վերջո փոքրիկ աֆերիստը դուրս է գալիս Լենինականի քրեական բաժնին իր նախկին քաջագործություններով արդեն իսկ քաջ հայտնի ռեցիդիվիստ Հաջին։

Բայց և այնպես շատ սրտառուչ պատմություն էր Հաջու ջութակագողության պատմությունը։ Նախքան այդ՝ Հաջին քանիցս ասել էր մեր կամերայում, ուր գալիս Էի հաճախ՝ Բենժամենի ջութակը նվագելու.

— Ա՜խ, մեկ ջութակ ձեռք ձգեմ նե — բա՛ն չեմ ուզեր...

Մի անգամ էլ եկավ և հայտնեց բորբոքված, հուզունքից կրակված աչքերով.

Մեկ ջութակ եմ տեսել՝ տասնևութ տարեկան աղջիկ...

Եվ կարոտով ու քնքշանքով՝ համբուրեց իր մատների ծայրերը։ Հետո ցուցամատը շարժելով, կարծես սպառնալով մեկին, ավելացրեց.

— Ինչպես ալ ըլլա՝ պիտի թռցնեմ... է՛ն աստված՝ պիտի թռցնեմ... Ա՛յ կտեսնե՛ք: