Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/46

Այս էջը հաստատված է

Սակայն վերոհիշյալ պաշտոնական կենտրոններից ավելի հետաքրքիր և ուշագրավ են քաղաքի, եթե կարելի է այսպես արտահայտվել՝ «անպաշտոն» կենտրոնները, թեպետև նրանք, ըստ մեծի մասի, չեն վայելում հանրության կողմից այն խորհրդավոր հարգանքը, որ վիճակվել է պաշտոնական կենտրոններին։ Բայց ինչո՞վ, ինչո՞վ է պակաս և ինչո՞ւ համար հասարակական հիմնարկություն չպետք է համարվի թեկուզ հենց, օրինակի համար, եկեղեցական մոմավաճառքի խանութը, որտեղից դուրս ելած բոլոր մոմերը կնքված են լինում, այո′, — իսկական նայիրյան կնիքով: Կրկնում եմ՝ իզուր են միամիտ քաղաքացիք եկեղեցական մոմավաճառքի խանութի վրա աչքի ծայրով նայում. նա կենտրոն է, և որքան էլ ասածս չափազանցություն թվա — կարևոր կենտրոն: — Եկեղեցիներին և ծխական դպրոցներին վերաբերյալ բոլոր խնդիրներն այդտեղ են արծարծվում և սանկցիա ստանում։ Մոմավաճառքի՝ արտաքինից այդ քոսոտ խանութը, որ այնպես համեստ պահվել է փողոցի ամենախուլ անկյունում — էապես այն նշանակալից դերն է խաղում քաղաքի հասարակական կյանքում, ինչ դեր որ խաղում են քաղաքակրթված երկրներում քաղաքական ակումբները և սալոնները: Եվ այդպիսի մի դեր խաղալու համար ամեն հարմարություններ ունի մոմավաճառքի խանութը. — տաք է, քաղաքի կենտրոնում է գտնվում և, որ ամենակարևորն է՝ ազատ է կողմնակի այցելուներից. շաբաթը մի, կամ շատ–շատ երկու այցելու հազիվ է մտնում այդ խանութը մոմ գնելու նպատակով, այնպես որ ո′չ մի կողմնակի անձնավորություն չի խանգարում այդտեղ