Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/465

Այս էջը սրբագրված է

մենք, իբրև ինտելիգենտներ, որ ա՛յլ պատկերացում անեինք կյանքի ու պայքարի մասին, կարող էինք ներել: Սակայն նա բնազդով հասկանում էր, որ մենք կարող ենք այլ զենքով պարծենալ ու մրցել — և ահա նա այստեղ էլ ամեն կերպ ձգտում էր ապացուցել իր գերազանցությունը միանգամայն անկեղծ համոզված, որ կյանքում, որը նրա համար սոսկ կենդանական պայքար էր եղել, ոչինչ չի կարող տրված լինել մարդկանց, որոնք զուրկ են մետաղյա մկաններից ու երկաթյա բռունցքներից։ Այս վերջիններս էին Բաղդասարի աչքին Hamo Sapiens տեսակի գլխավոր հատկանիշները…

Եվ երբ մենք, ինտելիգենտներս, նրան մի անգամ ասինք, թե այն կյանքում, որով մենք ենք ապրում, շատ քիչ նշանակություն ունեն բռունցքներն ու մկանները — նա համոզված պատասխանեց.
— Գիտե՞ք ինչ. ես ձեզ կասեմ հետևյալը… Նույնիսկ էն շրջանում, որտեղ դուք եք ապրում — դուք չեք կարող լինել առաջինները… Իսկ ես իմ շրջանում՝ կլինեմ։
— Ինչո՞ւ, Բաղդասա՛ր։
— Որովհետև,— ասաց նա կուրծքն ուռեցնելով և մկանները լարելով, —որովհետև բռունցքներ չունեք:
Ջեկ Լոնդոնի հերոսներից էր Բաղդասարը։ Ալյասկայում իր Ժամանակին նա կարող էր լավ «ոսկի որոնող» լինել, վերածնության շրջանում՝ կոնկվիստադոր, կամ կոնդոտյեր…
Իսկ հիմա… Հիմա մեր աշխարհում Բաղդասարը շատ-շատ կարող էր լյումպենների տեսաբան