Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/468

Այս էջը սրբագրված է

նույն կասկածամտությունից։ Հեռավոր աստղերի մասին էլ հարցնելու լինեիր նրանց, նրանք կաշխատեին դրա ետևը թաքցրած որևէ գործնական, կոնկրետ նպատակի հետապնդում տեսնել, մի նպատակի, որր կարող է օգուտ տալ նրանց, կամ վնասել։ Լինեին կարծես որսորդական շներով շրջապատված գազաններ, որ յուրաքանչյուր կողմից սպասում են վտանգի։ Եվ այս տեսակետից էլ ամենաարտահայտված տիպը — Բաղդասարն էր։

Այդ օրը երբ Բաղդասարր ցույց տվեց դեպի ինձ այդքան կասկածոտ վերաբերմունք՝ ես որոշեցի «վրեժխնդիր» լինել — իհարկե, փորձելու համար նրա բնավորության մի ա՛յլ կողմը՝ ինքնասիրությունը։ Այդ նպատակով ես որոշեցի դիպչել նրա ամենանուրբ տեղին՝ «տղամարդ», «քաջ» մարդ լինելու համարումին։
Երեկոյան ժամը 11-ին, կամ 12֊ին, երբ բոլորն արդեն պառկել էին տեղերում և պատրաստվում էին քնելու — ես հանկարծ ասացի Բաղդասարին՝ բարձրաձայն, որպեսզի լսի ամբողջ կամերան.
— Բաղդասա՛ր, ա՛յ, դու ամենաքաջ մարդն ես համարում քեզ ամբողջ Ուղղիչ Տանը, այնինչ այսօր մի քանիսն ինձ ասացին, որ քեզանից վախկոտն ամբողջ Ուղղիչ Տանը չկա… Որ դու հերոս ես միայն ռեցիդիվիստ լակոտների շրջանում… 

Այդպիսի մի միտք մի քանի օր առաջ ճիշտ որ ինձ հայտնել էին լենինականցի կալանավորները, որոնք առհասարակ, որպես տոհմային լենինականցիներ տառապում էին պարծենկոտությամբ բայց նրանց չէի հավատում։ Իսկ Բաղդասարին ես այդ հայտնեցի վերացական ձևով, իբր «ըմանց» կարծիք՝ նախ՝ մի փոքր նրան «Խոցելու» և ապա՝