Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/47

Այս էջը հաստատված է

հավաքված վարժապետներին և հոգաբարձուներին: Եվ նրանք էլ, լիովին օգտվելով խանութի այդ հարմարություններից՝ հաճախ նարդի, կամ թուղթ են խաղում որևէ ուտելիքի, կամ մի- երկու շիշ գինու վրա. ով որ տարվեց— գնի։ Բայց գիտե՞ք, թե ինչո՞ւ, ի միջի այլոց, մոմավաճառքի խանութը կողմնակի այցելուներ չունի. այդ մասին կարող է տեղեկացնել քաղաքում շատ հայտնի սրճարանատեր Սեթոն, որ ,ամեն ինչից տեղեկություններ ունենալու շնորհիվ քաղաքացիների կողմից արժանացել է «Տելեֆոն Սեթո» հորջորջման։ Այդ հարգելի քաղաքացին պատմում է, որ երբ կոշկակար Սիմոնի երեխան կնքելիս ինքը, որպես կնքահայր, ուզեցել է մտնել մոմավաճառքի խանութը մի զույգ կլերոն գնելու— ս. Գևորգ եկեղեցու քահանա տեր Հուսիկ-Խաչագողը զգույշ քաշել է նրա փեշից. մոմավաճառքից կերոն գնելու ոչ մի կարիք չկա, — ասել է տեր Հուսիկ-Խաչագողը Տելեֆոն Սեթոյին. — կարող է եկեղեցուց վերցնել. թե էժան կնստի և թե եկեղեցին կօգտվի, — ասել է Տելեֆոն Սեթոյին տեր Հուսիկ քահանան։ Ահա՛ թե ինչու ազգային այդ հիմնարկությունը— եկեղեցական մոմավաճառքի խանութը— այցելուներ չունի։ Բայց որպես մի իսկական «քաղաքական ակումբ» — և այն էլ ոչ միայն վարժապետների և հոգաբարձուների, այլև ազգային գործերով բոլոր հետաքրքրվողների համար, — որպես այդպիսի ահա մի հասարակական կենտրոն հայտնի է քաղաքում «Լույս» նավթարդյունաբերական ընկերության այդտեղի ներկայացուցչի գրասենյակը, — մի հիմնարկություն, որ ամենայն իրավունքով կարող էր անվանվել— «Նայիրյան գործերի կենտրոն»: