Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/470

Այս էջը սրբագրված է

ժամանակ իրենց կարծիքն են հայտնել։ Չունե՞ն իրավունք։

Բաղդասարը խեղդվում էր բարկությունից ուտում իրեն։ Կատաղությունից քաշեց՝ քիչ մնաց ճղեր իր շապիկը։ Հետո հանկարծ իբրև թե խեղճացավ, բայց էապես փոխեց իր գործելակերպը:
— Լա՛վ, ընկե՛ր Չարյանց, — էն վերջին, հետին կալանավորից էլ հետինն է Բաղդասարը։ — էն Ազա՛տն էլ (այսինքն մեր կամերան մաքրողը, նախկին որբը)— ասլան է Բաղդասարից… Ուզո՞ւմ եք՝ կռանամ, թող Ազատը խփի…
Մի—երկու վայրկյան պառկեց, գլուխը ծածկեց վերմակով, իբր վերջացած է համարում զրույցը սակայն չհամբերեց, կրկին նստեց անկողնում։ Կրկին ինձ դիմեց, բայց այնպես, որ լսեն բոլորը.
— Գիտե՞ք ինչ, ընկեր Չարյանց. Ուղղիչ Տունը քաջության տեղ չի. էստեղ քաջության տեղ չի՛: Ի՞նչ է, ուզում էիք, որ Բաղդասարն էստեղ փահլվանությո՞ւն աներ, ղոչի՞ խաղար, որ քաջ մարդ դառնար ձեր աչքին…
— Ես ոչինչ չեմ ուզում, Բաղդասա՛ր, հանդստացի՛ր։
Ուշադրություն չդարձրեց խոսքիս, շարունակեց.
— Տղամարդը սարումը ցույց կտա իր քաջությունը, կամ քուչումը… էստեղ մարդիկ կտեսնեք, գյուղացիներ՝ խեղճից էլ խեղճ… էնպե՜ս սեֆիլ՝ գառից էլ գառը… էդ մեր Ազատն էլ որ խփի ձայն չեն հանի։ Բայց հապա մի դրանց սարում ռաստ եկեք… Ինձ պես տասին կուտեն ու անունս էլ չեն հարցնի՝ Բաղդասա՞ր է, թե Կարապետ… Գնացե՛ք էդ ձեր ասողներին ասեք, որ խեղճից էլ խեղճ է Բաղդասարը, Բաղդասարը հե՛չ։ — Իսկի՛ ասելու