Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/474

Այս էջը սրբագրված է

«աշխատել» են միևնույն պայմաններում, շատ անգամ միևնույն մարդկանց հետ։ Եվ սրանք էին էլի, որ կապ ունեին դրսում մնացած իրենց ընդհանուր ընկերների, իրենց նման լյումպեն—ժիգանների հետ, որոնցից և ժամանակ առ ժամանակ, թեկուզ շատ չնչին չափով, բայց այնուամենայնիվ ստանում էին նյութական օժանդակություն և երբեք չէին կտրում նրանց հետ իրենց բարոյական կապը։ Երբ նրանցից մեկը քաղաք էր գնում՝ բոլորն էլ հանձնարարում էին բարևել այսինչ կամ այնինչ ընդհանուր ծանոթին, հանձնարարություններ էին անում և միշտ շատ կենդանի հետաքրքրություն ցույց տալիս դեպի դրսի ընկերները։ Դա մի ամբողջ կաստա էր, պրոֆեսիոնալ—ժիգանների մի ամբողջ աշխարհ, որ թե՛ իր առանձին կաստայական շահերն ուներ և թե՛ դրանց հողի վրա առաջացած կաստայական գաղափարախոսությունը։ Հենց այդ կաստայի ամենացայտուն ներկայացուցիչն էր, ամենալավ արտահայտիչը — մեր Բաղդասարը։ Այս մարդկանցից յուրաքանչյուրի համար սովորական բան էր Ուղղիչ Տունը. սա նրանց սոցիալական պայքարի մշտական պայմաններից մեկն էր, և պարզ էր, որ սրանք պետք է լինեին Ուղղիչ Տան ներսում «բանտային» հոգեբանության ու բարոյական հասկացողությունների կրողներն ու ջատագովողները։ Եվ այս իմաստով, իհարկե, միանգամայն իրավացի էր, իր կաստայի պայմաններից ելնելով՝ միանգամայն տրամաբանական էր Բաղդասարը, երբ ասում էր մեզ.

— Ինչպ՞ս կարող ենք մենք և դուք հավասար կալանավորներ լինել, ինչպե՞ս կարող ենք հավատալ ու վստահել իրար։