Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/475

Այս էջը սրբագրված է

Նա, իհարկե, չէր ասում, բայց ինքնին հասկանալի էր, որ ուզում է հասկացնել, թե Ուղղիչ Տունը մեր կյանքում մի պատահական նրբափողոց է, որից մենք վաղը դուրս կգանք և կաշխատենք էլ երբեք չվերադառնալ, — այնինչ նրա ու իր նմանների համար՝ գոյության պայքարի անխուսափելի պայմաններից մեկը, որից նրանք ևս, իհարկե, աշխատում են խուսափել, բայց, իհարկե, ո՛չ այն իմաստով, ինչ իմաստով որ մենք։ Այս բանը Բաղդասարր շատ լավ էր հասկանում, որովհետև նա իր նմաններից մեկն էր, որ իր կաստայական գիտակցությունը հասցրել էր մշակված աշխարհայացքի, ծիդանական յուրօրինակ կենսափիլիսոփայության։ Այս ամենից հետո միանգամայն հասկանալի և բնական է, որ Ուղղիչ Տան բնակչության մեջ այս տարրն էր, որ իրեն բացարձակապես հակադրում էր վարչությանը։ Ուղղիչ Տան վարչությունը սրանց, այսպես ասած՝ կաստայական թշնամին էր՝ ինչ վարչություն էլ դա լիներ։ Այս հակադրությունը չէր կրում, իհարկե, ո՛չ մի քաղաքական բնույթ։ Սա պարզ է ինքնին և ոչ մի բացատրություն չի պահանջում։ Ինչպես չկան «լավ» թշնամիներ, այլ կան թշնամիներ, որոնց «վատությունները» կարող են տարբերվել իրարից քանակով ու աստիճանով, — այնպես էլ սրանց աչքին հավասարապես թշնամիներ էին նախկին բանտային վարչությունը և ներկա խորհրդայինը։ Իրենք էլ շատ լավ էին գիտակցում, որ տարբերությունն այս թշնամիների մեջ հսկայական է, բայց դա չէր փոխում հարցն ըստ էության։ Թշնամին թշնամի էր մնում, և տարբերությունը նրանց աչքին միմիայն «ձևական» էր։ Եվ նրանք, իբրև