Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/483

Այս էջը սրբագրված է

Նրանք պառկած էին երկու կողք-կողքի դրած կոյկաների վրա, շապիկ-վարտիքով, վրաներին վերմակ։ Մեկր վիրավորել էր իրեն իր աջ կողից, մյուսր երկու տեղից՝ կողից և փորից։ Վիրավորել էին իրենց— պատուհանից պոկած ապակու կտորով։ Վերքերը խոր չէին, սակայն բավականին արյուն էր եկել և դեռ շարունակում էր գալ։ Հավաքված արյունը լճացել էր կողերին և համարյա ամբողջովին ներկել նրանց շապիկները։ Արյունոտ էին և նրանց ձեռքերն ու դեմքերը։ Այս ամենը թողնում էր ծայր աստիճանի ճնշող, քստմնելի տպավորություն։ Ներս մտնելով ես չափազանց զարմացա, որ բժիշկը կանգնած է այդտեղ, արյունը հոսում է մարդկանց վերքերից, իսկ նա չի օգնում, չի կապում վերքերը։

— Ինչո՞ւ չեք կապում, — հարցրի զարմացած։
— Չեն թողնում հիմարները, ասում են՝ մինչև դատախազը չգա, չենք թողնի։
— Ո՞նց թե. կապեցեք զոռով։ 

— Չի կարելի, — ասաց բժիշկը հանգիստ, ինչպես ասում են ամենասովորական բաները.— օրենք չկա։ Եթե չեն ուզում՝ չի կարելի զոռով։ Շվարած՝ չգիտեի ինչ պատասխանել։ Թուրքերեն ասի նրանց, որ եթե սիրով թույլ չտան՝ ստիպված կլինեն զոռով կապել։

— Խորհրդային բանտերում բռնություն չկա, Էդպիսի օրենք չկա գրված, —հանգիստ պատասխանեց նրանցից մեկը. — մինչև դատախազը չգա՝ չի կարելի։
Իսկ արյունը շարունակում էր հոսել ու հոսել, բայց նրանք հանգիստ էին, չէին անհանգստանում։