Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/485

Այս էջը սրբագրված է

Վերջապես եկավ դատախազը և հայտնեց, որ իրենք էլ են հեռագիր ուղարկել, բայց պատասխան չի ստացվել։ Հասկացրեց նրանց, որ իրենցից չի կախված այս գործը, մի բան, որ այդ աֆերիստները ևս շատ լավ գիտեին։ Խնդրեցին մի հեռադիր ևս տալ, դատախազր համաձայնվեց— և նրանք թույլ տվին կապել վերքերը։ Հետո նրանց տեղափոխեցին հիվանդանոց։

Երկու օր անց նրանք արդեն ոտքի վրա էին— այդ հին աֆերիստները. հին գայլերը։
Այո՛, սրանք էին իսկական կալանավորները և Ուղղիչ Տան ներքին, զուտ կալանավորական կյանքում ուրույն֊կալանավորական տրամադրություններ ստեղծողները։ Արանք ա՛յն առանցքն էին, որի շուրջը դառնում էր իսկական կալանավորների մասսան, ա՛յն կալանավորների, որոնք պատահական տարրեր չէին Ուղղիչ Տանը և որոնց հանցագործությունը չէր կրում պատահական բնույթ: Գյուղական բանդիտները, խիստ մեկուսացման ենթարկված մարդասպաններն ու գողերը, որոնք էապես չէին պատկանում այս ժիգանների շրջանին— ներքուստ համերաշխ էին սրանց հետ, բաժանում էին կաստայական հասկացողությունները և անխոս ենթարկվում սրանց բարոյական նորմերին։ Այս շրջանից դուրս էին մնում միայն պատահական հանցագործները, գյուղացիների և նախկին խորհրդային ծառայողների խոշորագույն տոկոսը, որոնք ճնշող մեծամասնություն էին կազմում։ Ինչ վերաբերում է լյումպեններին՝ իմ խորին համոզմունքով՝ անուղղելի տարրեր են սրանք և սրանց համար ոչ մի նշանակություն չունի, սրանց վրա