Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/488

Այս էջը սրբագրված է

Նրանք ձերբակալվում և Ուղղիչ Տուն էին բերվում որևէ հանցանքի համար, իսկ երբ պարզվում էր նրանց հոգեկան խանգարված վիճակը' տեղափոխում էին հոգեկան հիվանդանոց։

Նրանցից ամենահետաքրքիրն էր, իհարկե, — Արտաշ֊թագավորը։ Բարձրահասակ, թիկնեղ, մեծ, խոշոր գլխով, սև, խուզած մազերով և հարբեցողի բորբոսնած դեմքով մոտ 40 տարեկան մի աժդահա էր Արտաշ թագավորը։ Բոբիկ, ճղոտած շորերով, համարյա կիսատ կլոր, մարմնի ու դեմքի վրա սիֆիլիսի կապույտ, թարախակալ վերքեր... Յուրաքանչյուր օր հիվանդանոցում խնամքով կապում էին այդ վերքերը, բայց նա, երբ նրան առանձին կամերայից բերում էին դուրս, քրեական կորպուսի բակը՝ նստում էր գետնին, արևի տակ, բաց էր անում վերքերը և սկսում փորփրել...

Քստմնելի տպավորություն էր թողնում այդ պահերին Արտաշ֊թագավորը, ինքն էլ դառնում էր մութ ու քստմնելի, ինչպես իր վերքերը։

Լենինականցի արհեստավոր էր — և, որպես իսկական լենինականցի' ուներ աներևակայելի, հարյուր հարկանի հայհոյանքների անսպառ պաշար։ Ինչ որ մարդու էր կարծեմ քարով տվել — սպանել. լավ չեմ հիշում կատարած հանցանքը։ Եվ սա տվյալ դեպքում նշանակություն չունի, որովհետև ես ուզում եմ պատկերել Արտաշ֊թագավորին այնպես, ինչպես ես տեսա նրան Ուղղիչ Տանը,—տալ մարդկային այդ քիմերային նմուշի ճշգրիտ նկարագրությունը։ Եվ, միևնույն ժամանակ, կալանավորների վերաբերմունքը դեպի այդ տխուր անձնավորությունը։