Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/490

Այս էջը սրբագրված է

վերջո երկու կողմերին էլ մեծ հաճույք էր պատճառում։ Կալանավորների աչքին Արտաշ-թագա-վորը քոսոտ, հալածված շան նման մի բան էր,— քոսոտ, հալածված շուն, որպիսիներին այնքան սիրում են որևէ անկյուն մտցնել ու մահակներր բերանը խոթելով՝ գազազեցնել գեղջուկ երեխաները։ Իսկ Արտաշ–թագավորի համար նրանց հայհոյելը և նրանց դեմ գազազելը, ինչպես երևում էր՝ իր կուտակված եռանդը վատնելու սովորական մի ձև էր, որից նա վերջ ի վերջո այնքան էլ չէր դժգոհում, ինչպես առաջին հայացքից կարելի էր կարծել։ Սրա ամենալավ ապացույցն այն էր, որ երբ մի քանի րոպե կալանավորները, հսկիչի կողմից մի կողմ քշվելով, դադարեցնում էին իրենց հալածանքը՝ Արտաշ-թագավորը հանկարծ ինքն էր սկսում իր հայհոյանքային արշավանքը։ Եվ մարդկա՛նց դեմ հաճախ, որոնց մտքովն անգամ չէր անցնի մասնակցել իր դեմ եղած կալանավորների ընդհանուր ֆրոնտին։

Սակայն երբեմն, որևէ չափից արդեն անց բարբարոս «հանաքից» հետո (ինչպես, օրինակ, դույլով ջուր լցնելը, կամ գլխին նեխած ձու խփելն էր) — լուլրջ առանց հանաքի զայրանում ու կատաղում էր Արտաշ-թագավորը — և նա զարհուրելի էր այդ պահերին։

— Ե՛ս եմ Արտաշ թագավորը հայոց, — խռպոտ, արնախեղդ ձայնով մռնչում էր նա, թողնում իր վերքերը, վեր թռչում տեղից և հարյուրհարկանի հայհոյանքներ թափելով ու ծայր աստիճանի երկար, մինչև ծունկերը հասնող, օրանգ-ուտանգային ահռելի ձեռքերը թափահարելով՝ հարձակվում էր կալանավորների վրա։ Կալանավորները