Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/493

Այս էջը սրբագրված է

հանկարծ սկսվում է կատաղությունը։ Վա՜յ նրան, ով այդ պահերին Հայրոյի ձեռքն ընկնի… Սակայն Հայրոն, Ուղղիչ Տան այդ լեգենդական խելագարը, իմ հիշողության մեջ մնացել է, որպես լուռ, խաղաղ, չափազանց համակրելի դեմքով խոհուն աչքերով մի երիտասարդ, որից ամբողջովին խաղաղություն էր բուրում… Ու չգիտեմ ինչու նրան հիշելիս իմ միտքն են գալիս աշնան խաղաղ իրիկունները, երբ նստած պարապում ես սենյակում և հետզհետե սենյակ է մտնում իրիկնային հանգիստը։ Մի քիչ տխուր է լինում կարծես մարդ, մի քիչ մրսում է ներքուստ, և կարծես խաղաղ իրիկվա հետ մեկտեղ սենյակ է մտնում մի մտերիմ բարեկամ…

Մեկ էլ ես հիշում եմ Հայրոյին իր մեկուսացման կամերայում թախտի վրա պառկած։ Լուռ, փոքրիկ կամերա — մեջտեղում դրած թախտին մի խաղաղ մարդ պառկած։ Առանձնապես խորհրդավոր տպավորություն էր թողնում թերևս և այն, որ մենք նայում էինք փակ դռան փոքրիկ, երկաթյա պատուհանից ու գիտեինք, որ ներսում պառկած այդ մենակ, խաղաղ մարդը կարող է բարձրանալ հանկարծ և անհանգիստ, սարսափ առած գազանի նման քայլել միջանցքներում Ու կատաղել հանկարծ, ինչպես կարող է կատաղել մահ տեսած գազանը, կամ կատաղի խելագարը…

Ուղղիչ Տանը կային և երկու թուրք գժեր, որոնցից մեկի անունը Մահմեդ էր, մյուսինը՝ Ալի բայց սրանք արդեն «հասարակ» գժեր էին և ոչ մի դեպքում չէին կարոդ մրցել Արտաշ-թադավորի և Հայրոյի հետ ու նրանց պատվին արժանանալ։