Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/496

Այս էջը սրբագրված է

և ես ոչ մի անգամ չտեսա, որ նրան խփեն կամ հալածեն, ինչպես Արտաշ—թագավորին։

Երևանի Ուղղիչ Տանը, վերջապես, կար ևս մի կալանավոր, որ ամեն կերպ ձգտում էր խելագարի համբավ շահել, բայց կալանավորները համառ կերպով չէին հավատում նրան։ Դա քառասունի մոտ, միջահասակ, լիքը, սև գեմքով ոլ աչքերով

մի կիսագյուղացի էր, թերևս արհեստավոր, կամ գյուղական չարչի, որ սպանել էր կնոջը և Ուղղիչ Տուն բերվել՝ ձերբակալված հանցանքի վայրում։ Ես Ուղղիչ Տանն էի, երբ նրան բերեցին։ Չափազանց անհամակրելի, բոշայի սև դեմք ուներ, խոշոր, խուզած գլուխ. թողնում էր ծայր աստիճանի վանող տպավորություն։

Բերեցին այդ կալանավորին, տարան մեկուսարանը, ուր պահվում էին քննության տակ գտնվողները։ Մեկուսարանի պատուհանները դեպի բակ էին նայում։ Մենք ներքևում պատահմամբ կանգնած զրույց էինք անում, երբ հանկարծ մեկը պատուհանից հատու կանչեց.
— Անա֊հի՛տ…
Վերև նայեցինք՝ այդ կալանավորն էր։ Հենց այդ վայրկյանին նա բռունցքով փշրեց պատուհանի ապակիները։ Մենք վեր վազեցինք։ Հսկիչն այնտեղ էր, փորձում էր նրան բռնել, բայց չէր հաջողվում։ Մենք որ ներս մտանք՝ նա շուռ եկավ դեպի մեզ։ Կրկին կանչեց.
— Անա֊հի՛տ…
— Ի՞նչ է, ո՞ւմ ես կանչում։
— Կնկա՛նս, Անահիտին… Չեն թողնի որ՝ էրթամ տեսնիմ… Ես կսեմ ջրի էր գնացե, կսեն թե մեռել է… Կսեն թե ես եմ սպանե…