Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/497

Այս էջը սրբագրված է

— Անա-հի՛տ…

— Լա՛վ, ընչի՞ ես գոռում,— բարկացավ կալանավորներից մեկը։ — Այդ կասկածելի կալանավորն սկզբից ևեթ չշահեց կալանավորների համակրանքը։
 — Ինչղ չբարկանամ օր՝ ջղայնանամ կը… Ընձի ինչի՝ են բռնե՝ չեն թողնի է՛րթամ տուն՝ կնկանս տեսնիմ… Ես ի՞նչ եմ էրե օր… Անահիտը գնաց ջրի, տեյ հիմի պիտի գար…
— Անա֊հի՛տ…
— Չոռ ու ցա՛վ, — բարկացավ միևնույն կալանավորը, —քո՛ւ Անահիտի… այստեղն ու այնտեղը…
Այո՛, սկզբից ևեթ այդ ավազակը չշահեց կալանավորների վստահությունը։ Կալանավորները հոտառությամբ կարծես զգում էին, որ նա դիտմամբ է անում։ Ամեն ինչ կարող էր դուր գալ կալանավորներին, բացի սիմուլյանտությունը։
Նրան փակեցին ներքևի մեկուսարանի կամերաներից մեկում, և այդ վայրկյանից օրվա ո՛ր պահուն էլ մոտենալու լինեինք՝ նրա պատուհանիդ կլսվեր.
— Անա-հի՛տ…
 Կանչում էր մի տեսակ բարկացկոտ, նեղսրտած. հրամայող շեշտով։ Կարծես հե՛նց այդտեղ, հարեվան սենյակում էր Անահիտը, բայց դիտմամբ չէր գալիս, որ բարկացնի։ Վերջ ի վերջո նա այնքան ջղայնացրեց կալանավորներին, որ երբ դուրս էր գալիս մեկուսարանից՝ հսկիչի ուղեկցությամբ որևէ տեղ գնալու՝ մոտենում էին նրան բարկացկոտ, արհամարհանքով ասում.
— Տո , չե՞ս ամաչում… Քո՛ւ Անահիտի…