Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/498

Այս էջը սրբագրված է

Մեկ—մեկ էլ խփում էին գլխին, բայց ձայն չէր հանում։ Առհասարակ վախենում էր կալանավորներից։

Մի անգամ էլ իմ ներկայությամբ մոտեցավ նրան մի կալանավոր և ասաց ականջին՝ իբր թե գաղտնի, որպես ընկերական խորհուրդ.
— Հերի՛ք է. ամոթ է. ահագին տղամարդ ևս…
— Իյա՞, ի՞նչ կենեմ օր, — գողի պես մի կողմ նայելով, պատասխանեց այդ մարդը. — Անա՛հիտ…
— Զահրումա՛ր, — բարկացավ կալանավորը և բամփեց նրա գլխին։ Մյուսները նզվարթ հռհռացին, թքեցին ու հեռացան։
Ու անունը դրին «Անահիտ»։
Սիմուլյանտ էր նա, թե ոչ —դժվար է ասել: Սակայն իմ կարծիքն էլ այն էր, ինչ որ մյուս կալանավորներինը։ Վստահություն չէր ներշնչում դեպի իր անձնավորությունը բոշայի կերպարանքով ու տափակ, կեղտոտ գլխով այդ մարդը։ Բայց ո՜վ իմանա։ Մինչև իմ Ուղղիչ Տնից հեռանալը՝ շաբաթը մի անգամ նրան քննելու էր գալիս մի բժիշկ, նա էլ, կարծեմ, ավելի շուտ մեր կողմն էր թեքվում,

քան ընդունում այդ անհրապույր մարդու աննորմալությունը։ Ի՞նչ որոշվեց վերջ ի վերջո — տեղեկություն չունեմ։

Սակայն մինչև հիմա էլ ես հաճախ հիշում եմ նրա կանչը — և դա ինձ միշտ մի տեսակ քստմնելի, անհաճո զգացմունք է պատճառում։ Կարծես մի տեսակ կեղտոտ բանի ես քսվում, կամ լփռոտ, լորձունքոտ կենդանու…
Եվ հիմա էլ, երբ գրում եմ այս տողերը, ակտնջիս հնչում է նրա ձայնը.
— Անա՞ ֊հի՛տ…