Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/50

Այս էջը հաստատված է

երևակայո՞ւմ եք՝ Ալեքսանդրյան կոչված փողոցում գտնվող չնչին մի խանութի, որի ցուցանակի վրա նկարված կային երկու հրացան, երկու փախչող նապաստակներ, մի ձիու պայտ և մի հատ էլ չգիտես — ձիո՞ւ, թե շան գլուխ՝ պայտի մեջ մտցրած։ Այսպիսի մի նշանավոր ցուցանակ ուներ այդ խանութը և ցուցանակի վրա, վերոհիշյալ նկարների մեջտեղը, գրված էր ռուսերեն՝ Магазин «Охота» Ншан Маранкозян․ Այս նշանավոր ցուցանակը կպցրած էր խանութի ճակատին, սակայն խանութի լայն վիտրինի աջ և ձախ կողմը կպցրած կային երկու ուրիշ ցուցանակներ, որոնց վրա թեկուզ նկարներ չկային, բայց գրությունը հայերեն էր․ «Ծախում եմ որսորդական զանազան» — գրված էր մեկի, և «Ապրանքներ Նշան Մառանկոզյան» — մյուսի վրա։ Որսորդական ապրանքներ վաճառող Մառանկոզ Նշանի այս չնչին խանութն էր ահա, որ մի ժամանակ մրցել էր ուզում Մազութի Համոյի գրասենյակի հետ և կամենում էր դառնալ․․․ «Նայիրյան գործերի կենտրոն». — ծիծաղելի է, չէ՞։ Բայց Մառանկոզ Նշանի այդ անխոհեմ վարմունքը, ինչպես և կարելի էր ենթադրել, վերջացավ կատարյալ անհաջողությամբ, և գործի նման վախճանը Մառանկոզ Նշանի համար ունեցավ բավականին ողբերգական նշանակություն․․․ Գործիչ ընկերների մշտական ելումուտը և գործնական հավաքույթներն ի վերջո հիմնովին քայքայեցին Մառանկոզ Նշանի տնտեսական-ֆինանսականը, որովհետև հո չէ՞ր կարելի հավաքել մարդկանց և դատարկ զրույցներով կերակրել, հարկավոր էր և որոշ հյուրասիրություն, ինչպես այդ ընդունված է բոլոր քաղաքակիրթ երկրների