Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/500

Այս էջը սրբագրված է

ամբողջ վիթխարի հասակով — Ասլան–բիձեն։ Եթե հիշում եք՝ սա այն, արդեն բավականին ծերացած, բանդիտն էր, որ սարերն էր ընկել իր զարմանալի կնոջ զարմանալի սիրո շնորհիվ, մի քանի տարի ղաչաղություն արել և ապա ընկել Ուղղիչ Տուն, ուր և գրագետ էր դարձել — այդ գյուղացի բանդիտը։ Նա արդեն ծերացած, անշառ մարդ էր — և Կենտգործկոմը նրան ներումն էր շնորհել։ — Հնգե՛ր Չարյանց, մին խնդիրք ունեմ ձեզանից, — ասաց ինձ Ասլան֊բիձեն ու խեղճ, նվաստացած ժպտաց։ — Ասա՛ Ասլան֊բիձա։ Այդտեղ ես նկատեցի, որ Ասլան֊բիձեն ձեռին բռնած ունի մի քանի տետրակներ, որոնց և նայում է շուտ–շուտ։ — Ես մին հալիվոր մարդ եմ, — ասաց Ասլան–բիձեն, —ո՛չ ժառանգ ունեմ, ո՛չ գերդաստան... Հենց ե՛ս եմ, որ կամ էս աշխարքումս... Հի՛նչ որ ունեմ — հենց է՛ս ա, որ կա ինձանից ժառանգութեն... Եվ Ասլան֊բիձեն մեկնեց ինձ իր տետրակները։ — Ըստի ես գրել եմ իմ պատմութենը... Հենց ամբողջը գրել եմ հի՜նչ որ կա՝ գրել եմ... Ձեզանից խնդըրվում եմ պահեք էս ինձանից ժառանգութեն, որ Ասլան֊բիձի անումը էս աշխարքից չկորչի․․․ Հենց ե՛ս եմ ու էդ — էլ ո ՛չ ժառանգ ունեմ, ո ՛չ հարստութին...Նայեցի Ասլան֊բիձին՝ լացի պես մի բան խոնավացրել էր աչքերը։ Երևում էր, որ թեկուզ ազատվում է, բայց տխուր է այդ մարդը, այդ հալիվոր բանդիտը, — մահո՛ւ չափ տխուր։