Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/503

Այս էջը սրբագրված է

— Խնդրում եմ խնդրեք պետին, որ թույլ տա ինձ ու Խաչիկին՝ գնանք էջմիածին Նիկոլի Հետ աշխատելու։ Գնանք մանտյորություն սովորենք։ –

— Լա՛վ, կխնդրեմ։ Կարծում եմ կթույլատրի, եթե խոսք եք տալիս, որ ձեզ լավ կպահեք։

— Ի՞նչ եք ասում, ընկեր Չարե՛նց, — ասաց նա լուրջ ու տխուր. — այսպես որ մնացինք՝ ի՞նչ է լինելու մեր վերջը... Հիմա իմ նպատակն է մանտյորություն սովորել ու ապա, ազատվելուց հետո, գնալ Լենինական այդ գործով պարապվելու... Մորս էլ հետս կտանեմ ու միասին կապրենք···

Գունատ դեմքին կարոտանք ու թախիծ կար, երբ նա ասում էր այդ խոսքերը։ Այդպիսի թախիծ է լինում երիտասարդ թոքախտավորների դեմքին, երբ նրանք սանատորիաների պատշգամբներում նըստած՝ երազում են գարուն, կյանք, հնչուն, գարնանային աղջիկներ ու գարնանային արև...

Մի քանի օր անց Սուրենը և Խաչիկը գնացին էջմիածին աշխատելու։ Այնտեղ աշխատում էր մեր կալանավոր֊մանտյորների արտելը, և մենք շուտով լսեցինք, որ Սուրենն ու Խաչիկը ցույց են տալիս մանտյորական ամենայն եռանդ և ընդունակություններ։

Վերջին օրերին երեկոները հաճախ մեր կամերան էր գալիս Գուրգեն անունով մի կալանավոր։ Լենինականցի էր, իսկական հին գյումրեցի, հարբեցող, բայց առաջնակարգ վարպետ-ոսկերիչ։

Ուղղիչ Տանը նա ոսկերչական արհեստանոց ուներ և ամբողջ ժամանակ աշխատում էր արհեստանոցում։ Դատապարտված էր, պատահական սպանության համար, տասը տարվա կալանքի։